«Ամեն բացասականի մեջ պետք է փնտրենք ու գտնենք դրականը»
ОБЩЕСТВОՄեր կյանքն այլևս առաջվանը չի լինի, մարդիկ առաջվանը չեն լինի, այս իրավիճակից դասեր կքաղեն: Այս միտքը մշտապես հնչում է: Այո, ակնհայտ է, որ շատերը կգնան իրենց կյանքն ու արարքները վերարժևորելու ճանապարհով, բայց միևնույն ժամանակ կլինեն մարդիկ, որոնց կյանքում ներկայիս իրականությունը որևէ բան չի փոխի:
Արձակագիր, մանկագիր, բանաստեղծուհի Մարիամ Խուրշուդյանը նշում է, որ ստեղծված իրավիճակը փորձում ենք հօգուտ մեզ օգտագործել: «Այս իրավիճակից պետք է ինչ-որ դրական լույս, ելք տեսնենք: Տվյալ դեպքում փորձում ենք արժևորել ժամանակը, անցած և ապագա կյանքը: Շատ փոփոխություններ եղան, շատ արժեքներ արժեզրկվեցին, շատ արժեքներ ի հայտ եկան: Այսօր ակնհայտ է այն, որ աշխարհին բոլոր պարագաներում անհրաժեշտ է մարդկայինը: Անգամ այս դեպքում, եթե գործ ունենք մարդու ստեղծած արհավիրքի հետ, կնշանակի, որ աշխարհին, իրոք, մարդկայինն է պակասում, և այսօր աշխարհը փլուզման եզրին է: Մի կողմից տնտեսական իրավիճակը, մյուս կողմից մարդկանց հոգեվիճակը: Պատկերացնում եք, թե մարդիկ սկզբում ի՞նչ հոգեվիճակում են եղել, այսօր քիչ թե շատ հանգստացել են»,-Past.am-ի հետ զրույցում ասում է Խուրշուդյանը:
Բանաստեղծուհին նշում է, որ ոչ միայն հիմա, այլ ամեն իրավիճակում պետք է արժևորենք կյանքը: «Ամեն բացասականի մեջ պետք է փնտրենք ու գտնենք այն դրականը, որը մեզ պետք է: Շատ հետաքրքիր է, բայց այս օրերին ընտանիքները միավորվեցին: Օրինակ՝ երեխան կարող էր օրերով հայրիկին ու մայրիկին չտեսնել, լրացվեց այդ բացը: Կինը դարձավ կին, մայր, հոգատար էակ: Ուղղակի վատ է, որ կա հոգեկան ճնշում, երբ փորձում ես ինչ-որ դրական բան տեսնել, այն սկսում է խանգարել: Դա, իհարկե, մարդուց էլ է կախված: Մարդիկ կան, որ ամեն ինչին շատ թեթև են նայում: Ուղղակի ոչ ճշգրիտ տեղեկատվությունը բացասական ազդեցություն է թողնում շատերի վրա»,-նշում է մեր զրուցակիցը:
Նա ընդգծում է՝ եթե մարդկանց գիտակցությունն այնքան բարձր լիներ, որ առանց սահմանափակումների նրանք հետևեին կանոններին, ապա պատկերը կարող էր այլ լինել, իսկ հիմա սահմանված արգելքները խուճապ են առաջացնում:
Անդրադառնում ենք նրան, որ ընձեռված այս «հնարավորությունը» նաև մշակույթին էլ ավելի ծանոթանալու, տարբեր ճյուղերի ստեղծագործողներին ու նրանց աշխատանքներին էլ ավելի մոտենալու լավ առիթ կարող է դառնալ: Արձակագիրը նշում է՝ հնարավոր է, որ երբ վերադառնանք մեր առօրյա կյանքին, սա կարող է մոռացվել: «Եթե նման իրավիճակ չստեղծվեր էլ, ապա մարդը հնարավորություն ուներ, օրինակ՝ օնլայն տարբերակով թանգարաններ այցելել: Ինչ վերաբերում է գրողներին, ապա կա մի վատ բան՝ համացանցում սկսեցին երևալ, այսպես ձևակերպենք, «լավ» և «վատ» գրողները, այսինքն՝ հարթակը տրամադրվեց բոլորին: Ամեն դեպքում օնլայն տիրույթին մեծ առավելություն չեմ տալիս: Եթե մարդն ունենա ցանկություն, նա կգտնի իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը: Պարտադիր չէ, որ ինչ-որ իրավիճակ ստեղծվի, որ նա սկսի օգտվել այդ պայմաններից»,-եզրափակում է Մարիամ Խուրշուդյանը:
Լուսինե Առաքելյան



