Լոռիում և Երևանում ամենաշատ ամուսնալուծություններն են գրանցվել
ОБЩЕСТВОՀանրապետությունում ամուսնության ընդհանուր գործակիցը 2019 թվականին կազմել է 5,3 տոկոս տոկոս: Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներից: Ի դեպ՝ այս ցուցանիշը 2019թ.-ին նախորդող վերջին երկու տարիների համեմատ ամենաբարձրն է: Օրինակ՝ 2018թ.-ին այդ գործակիցը կազմել է 5 տոկոս, 2017թ.-ին՝ 5, 1 տոկոս: Իսկ վերջին տասը տարիների ընթացքում ամուսնության ամենաբարձր գործակիցը եղել է 2011թ.-ին՝ կազմելով 6,5 տոկոս:
Այլ է պատկերը ամուսնալուծությունների պարագայում: Այստեղ, կարծես, տարիների ընթացքում գործակցի էական փոփոխություն չի նկատվել:
Թե՛ 2019թ.-ին, թե՛ 2018թ.-ին և թե՛ 2017թ.-ին ամուսնալուծության գործակիցը կազմել է 1,3 տոկոս: Իսկ վերջին տասը տարիներին ամենաբարձր գործակիցը եղել է 2014թ.-ին՝ կազմելով 1,5 տոկոս:
Խոսենք ավելի պարզ թվերի լեզվով, որովհետև եթե գործակցային ցուցանիշներում փոփոխությունները չնչին են ու ոչ էական, ապա թվային տվյլաներում պատկերն ավելի պարզ է:
Այսպես, 2019թ.-ին հանրապետությունում 15 561, 2018թ.-ին՝ 14 822, իսկ 2017թ.-ին՝ 15 214 ամուսնություն է գրանցվել: Ստացվում է, որ ամուսնությունների քանակը 2019թ.-ին 2018թ.-ի համեմատ ավելացել է 739-ով:
Իսկ ամուսնալուծությունների քանակը 2019թ.-ին կազմել է 3879, 2018թ.-ին՝ 3819, 2017թ.-ին՝ 3940: Ամուսնալուծությունների թիվը 2019-ին ավելացել է 60-ով:
Ինչ վերաբերում է առանձին մարզերում և Երևանում գրանցված ամուսնությունների և ամուսնալուծությունների թվերին, ապա ինչպես ամեն տարի, 2019թ.-ին թե՛ ամուսնությունների, թե՛ամուսնալուծությունների թվով առաջին տեղում մայրաքաղաքն է: Մարզերի դեպքում ամուսնալուծությունների թվով առաջին տեղում Լոռին է, իսկ Վայոձ ձորում ամուսնությունների ու ամուսնալուծությունների ամենաքիչ քանակն է գրանցվել: Մյուս մարզերի համեմատ ամենաշատ ամուսնությունները գրանցվել են Կոտայքում:



