Դրսում կանգնած ենք մնալու մինչեւ լույսը բացվի. «Դոմոդեդովո» օդանավակայանում ՀՀ մոտ 30 քաղաքացի կա
ОБЩЕСТВОՄոսկվայի Դոմոդեդովո օդանվակայանում արդեն 5 օր Հայաստան գալու թռիչքի սպասող քաղաքացիներին օդանավակայանում ասել են, որ վաղը թռիչք կլինի դեպի Երեւան: Այս մասին NEWS.am-ին պատմեց օդանավակայանում գիշերող քաղաքացիներից Նորայր Սիմոնյանը` նշելով, որ այս պահին մոտ 30 քաղաքացի է գիշերում օդանավակայանում:
«Մենք ապրիլի 15 համար տոմսեր էինք գնել «Աէրոֆլոտ»-ից, բայց թռիչքը չկայացավ, գումարը ասել են` 14 օրվա ընթացքում կվերադարձնեն: Օդանավակայանի աշխատակիցներն էլ ասում են` վաղը թռիչք կլինի, սպասում ենք վաղվան: Մեզ հետ նաեւ կանայք կան եւ մեկ երեխա: Առողջական խնդիրներ ունեցողներ կան, որ սրտի, ճնշման հետ կապված խնդիր ունեն»,- ասաց նա:
Նորայր Սիմոնյանը տեղեկացրեց, որ քիչ առաջ իրենց դուրս են հանել օդանավակայանի տարածքից, միայն խնդրելուց հետո համաձայնել են ներսում թողնել կանանց եւ երեխային:
«Մենք էլ այսպես դրսում կանգնած ենք մնալու մինչեւ լույսը բացվի»,-ասաց նա:
Նշենք, որ քաղաքացիներին Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը եւ Հայերի միավորումը քաղաքացիներին կացարան եւ սնունդ են առաջարկում մինչեւ թռիչքի կազմակերպումը, սակայն նրանք հրաժարվում են:
Նշենք, որ արդեն իրականացվել են մի քանի չարտերային թռիչքներ Մոսկվայից Երեւան:



