Ի՞նչ կապ ունեն համեղ լազանիան և մեր առօրյայում հանդիպող «լագանը»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՀավանաբար աշխարհի ցանկացած մարդ գիտի հանրաճանաչ իտալական լազանիա ուտեստի մասին, քանի որ մեծամասնությունն այն սիրում է հենց առաջին համտեսից: Ժամանակակից լազանիա պատրաստելու համար հարկավոր է մի քանի շերտ ցորենի չորացրած խմոր և տարբեր լցոններ (մսային, բանջարեղենային կամ սնկային ռագու), իսկ նախքան այն ջեռոցում թխելը վրան պանիր է ցանվում: Սակայն լազանիան ոչ միշտ է այդպիսին եղել: Ժամանակին լազանիայի նախատիպն է եղել ցորենի ալյուրից պատրաստված կլոր, տափակ հացը: Հաճախակի թխվող այդ հ ա ցը հույ ն ե րի կող մից ստացել էր «laganon» անունը:
Նման հաց թխելը հետագայում ընդօրինակել են հռոմեացիները, որոնք սկսել են այն շերտերով կտրատել: Հռոմեացիներն այդ հացը անվանել են «lagani»: Իտալիայի որոշ շրջանների բնակիչների համար ներկայումս հանրահայտ տափակ հացը, որն ամբողջ աշխարհում հայտնի է որպես «tagliatelle», ունեցել է նաև իր երկրորդ անվանումը` «լագանա»:
Ըստ ընդունված այլ ստուգաբանական տարբերակի, «լազանիա» անվանումը գալիս է հունական «lasabon» բառից, որը թարգմանաբար նշանակում է «կճուճե վառարան» (հայերենում հավանաբար այդտեղից են գալիս լագան, լագանաթաս բառերը): Հռոմեացիներն իրենց հերթին լազանիա պատրաստելու տարողությունը անվանել են «lasanum», և ստացվում է, որ ամանեղենի անունից էլ առաջացել է «լազանիա» ուտեստի անվանումը:
Սակայն անգլիացիներն ու անգամ սկանդինավցիները փորձում են փոխել լազանիայի ծագումը, չնայած այդ ուտեստը աշխարհում համարվում է իսկական իտալական: Լազանիայի ծագման պատմության անգլիական տարբերակը հիմնված է այն փաստի վրա, որ թագավոր Ռիչարդ 2-րդի (14-րդ դար) իշխանության տարիներին նրա պալատում մատուցվել է «loseyns» անվանվող ուտեստ:
Ըստ բրիտանացիների հավաստիացման, լազանիայի պատրաստման օրիգինալ բաղադրատոմսը գրված է «Forme of Cury» գրքում (Անգլիայի առաջին խոհարարական գրքերից մեկը), որը ներկայումս պահպանվում է Բրիտանական թանգարանում:
Իտալացիները շատ նախանձախնդիր են այն ամենի նկատմամբ, ինչը վերաբերվում է իրենց ազգային խոհանոցին: Այնպես որ, նրանց շատ է զայրացնում բրիտանացիների այդպիսի համարձակ և ամբարտավան պնդումը:
Իսկ ահա սկանդինավցիների այն հավաստիացումներին, որ լազանիան իրենք են ստեղծել, իտալացիները անգամ չեն էլ արձագանքում: Սկանդինավյան վարկ ածով , իրենց «langkake» ուտեստը, որը շատ նման է լազանիայի, և իրենից ներկայացնում է պանրի և մսի սոուսով լցոնված հացի շերտեր, սկանդինավյան խոհանոց է մտել վիկինգների օրոք: Իտալական լազանիայի առաջին փաստաթղթավորված բաղադրատոմսը գտնվել է Նեապոլի մերձակայքում: Դա 14-րդ դարի մի անանուն ձեռագիր է, որը կոչվում էր «Liber de coguina» (1304-1314), որը թարգմանվում է որպես խոհարարական գիրք:
Ըստ այդ միջնադարյան հնագույն բաղադրատոմսի, լազանիա պատրաստելու համար պետք է եռացրած ջրի մեջ եփած խմորի թերթիկների միջև լցնել քերած պանրի և համեմունքների շերտ: Միջնադարյան իտալացիները այն ժամանակ արդեն ծանոթ էին համեմունքներին (աղ, շաքար, մեխակ, պղպեղ, դարչին, մշկընկույզ, շաֆրան) և օգտագործում էին դրանք ուտեստներ պատրաստելու համար: 16-րդ դարում լազանիայի բաղադրատոմսը փոխառվել և վերափոխվել է լեհական խոհանոցում՝ դառնալով լազանկի։




















































