Ընդամենը 3 օր ծառայեց ու... Զոհրաբի դին այսօր տուն կտանեն
ОБЩЕСТВО«Զոհրաբի դին այսօր կբերեն, տանը սարսափելի վիճակ է»: Երեկ Նախիջևանի սահմանին հակառակորդի կրակոցից զոհված Զոհրաբ Սիանոսյանը Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի բնակիչ էր:
26 ամյա Զոհրաբը երկու դուստր ունի, մեկը՝ 4, մյուսը 2 տարեկան: Կինն աշխատում է համայնքի ջերմոցներում: Համայնքապետը պատմում է՝ Զոհրաբն իր նախկին աշխատողի որդին է՝ շատ համեստ, խելոք տղա:
«Մի բան հանձնարարեիր՝ առանց մի բառ ասելու կգնար, կաներ: Աշխատասեր ընտանիք են իրենք: Դժբախտություն էր սա, խոսքեր չունեմ»:
Պայմանագրային զինծառայողը ուրբաթ օրվանից է սկսել ծառայությունը:
«3 օր էր ինչ գնացել էր, նոր-նոր երևի փորձել է հունի մեջ ընկնել, այն էլ..., չգիտեմ, գուցե տեղանքին լավ ծանոթ չի եղել, գուցե անզգույշ է եղել, գուցե ուղղակի իրենից չի կախված եղել իրավիճակը»:
Նշենք, որ երեկ՝ ժամը 15։30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1994թ., Արարատի զ/կ):
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:



