Հետևել կանոններին՝ անկախ գտնվելու վայրից
ОБЩЕСТВОԵրևանյան մարզասրահները, լողավազանները, որոնց նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին էապես մեծացել էր, այս օրերին աչքի են ընկնում համեմատաբար քիչ այցերով։ Հայտնի պատճառից ելնելով՝ քաղաքացիները խուսափում են ու պարզապես զգուշանում՝ ստիպված լինելով հետաձգել մարզումները։ Խնդիրը կորոնավիրուսի վտանգով է պայմանավորված, թեպետ Հայաստանում մեկ դեպք է գրանցվել, իսկ կանխարգելման միջոցառումները շարունակվում են։ Իհարկե, կան մարդիկ, որոնց համար միևնույն է՝ ոչ մի վիրուսի վտանգ չի կարող հետ պահել սիրելի մարզումներից։ Կան քաղաքացիներ, որոնց համար ստեղծվածը լավ առիթ է՝ համեմատաբար ազատ սրահներում մարզվելու հնարավորության տեսակետից։
Քաղաքացիների մտահոգությունները փարատելու համար փորձել ենք ստանալ մասնագետի կարծիքը։ Զգուշանալու, խուսափելու ու սիրելի վայրեր չայցելելու անհրաժեշտություն կա՞, ռիսկեր կա՞ն, թե պարզապես պետք է հետևել ընդհանուր կանոններին ու ապրել այն առօրյայով, որով սովորաբար ապրում ենք։ Ի դեպ, այս ընթացքում բազմիցս ոլորտի մասնագետները հայտարարել են իրավիճակին առավել հանգիստ մոտենալու անհրաժեշտության մասին, իհարկե՝ չմոռանալով զգուշացնել այն կարևոր կանոնների մասին, որոնց պետք է հետևել։
Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը մարզասրահներն ու լողավազանները չի առանձնացնում մյուս հանրային վայրերից ու խնդիրը դիտարկում է ընդհանուր տրամաբանության մեջ։
«Ընդհանուր առմամբ, հանրային կուտակումները ցանկալի չեն, և այդ առումով կապ չունի, թե ինչ վարակի մասին է խոսքը։ Եթե մասնավորապես օդակաթիլային վարակ է, հանրային կուտակումներ ենթադրող վայրերում միշտ էլ ավելի շատ կարող է տարածվել։ Կլինի լողավազան, մարզասրահ, թե մեկ այլ վայր, արդեն երկրորդական է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Հ. Զաքարյանը՝ միևնույն ժամանակ կարևորելով այն բոլոր կանոնները, որոնց պետք է հետևել թե՛ նման հաստատություններում, թե՛ առհասարակ տանն ու հանրային վայրերում։
«Հիմնականում երեք-չորս կանոններ են, որոնց պետք է հետևել՝ անկախ գտնվելու վայրից։ Հետևել հիգիենային, տարածքը մաքրել, օդափոխել։ Դրանք ստանդարտ կանոններ են, և կապ չունի, թե ինչ հաստատություն է՝ լողավազան է, մարզասրահ, թե մեկ այլ վայր։ Բոլոր տեղերում պետք է հետևել դրանց»,-ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված ընդհանուր իրավիճակին ու Հայաստանում առկա իրողությանը՝ Հովակիմ Զաքարյանը շեշտեց, որ ի տարբերություն հարևան պետությունների, մեր երկիրն ավելի լավ իրավիճակում է գտնվում։
Նկատենք նաև, որ շատ հանրային վայրերում, այդ թվում՝ մարզասրահներում խիստ պահպանվում են այն բոլոր կանոնները, որոնց մասին անընդհատ հայտարարություններ են լինում պատասխանատու մարմինների ու մասնագետների կողմից՝ ինֆեկցիայի առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով։
Այնպես որ, սիրելի առօրյայից հրաժարվելուց առաջ պարզապես պետք է դիտարկել բոլոր հանգամանքները՝ սկսած նույն հանրային վայրերում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներից, վերջացրած այն կանոններին հետևելու պահանջից, որոնք կարևոր են անվտանգության ու առողջության տեսանկյունից։
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ



