Ի՞նչ են ռունաները և ինչո՞ւ են օգտագործվում գուշակության մեջ
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆերկայումս էլ դեռ քիչ չեն տարբեր գուշակությունների հավատացողները, որոնց համար գոյություն ունեն ապագան «կանխատեսելու» բազմաթիվ «կախարդական» եղանակներ: Ռունագրերը դրանցից են: Սակայն միշտ չէ, որ այդպես է եղել: Նախկինում ռունա են կոչվել հին գերմանացիների տառերը, որոնք այդ ժողովուրդներն օգտագործել են ավելի քան հազար տարի՝ սկսած 1- 2-րդ դարերից: Ներկայումս ոչ ոք չի կարող ճշգրիտ նշել դրանց՝ առաջին անգամ հայտնվելու տեղը և ժամանակը: Ռունագրերի առաջացման պատմության մասին կան մի քանի լեգենդներ:
Ըստ ամենատարածված՝ սկանդինավյան դիցաբանության տարբերակի, պատերազմի աստված Օդինը իրեն նիզակով խոցել է՝ դրանով աշխարհի ծառ Իգգդրասիլի վրա ֆիքսվելու և աստվածային գիտելիքներ ստանալու համար: Ինն օր գլխով ներքև կախված մնալով՝ նա հայտնաբերել է, որ ծառից ընկած ճյուղերը ձևավորում են որոշակի պատկերներ: Այդ կերպ Օդինը աշխարհին պարգևել է «ամենավաղ» ռունաները: Համարվում է, որ «ռունան» էթիմոլոգիականորեն կապված է հին գերմանական «գաղտնիք» բառի հետ:
Պետք է հաշվի առնել այն փաստը, որ այդ հին ժամանակներում միայն ընտրյալներն են տիրապետել գրելու արվեստին, իսկ շամանները կարողացել են կռահումներ անել ռունագրերի վրա և կանխատեսել ապագան: Հենց այդ ամենի պատճառով էլ դրանք նույնականացվել են խորհրդավոր և սրբազան ինչ-որ բանի հետ:
Ներկայումս գիտնականները Եվրասիայի ողջ տարածքում գտնում են քարերի վրա գրված ռունագրեր: Եվրոպայում քրիստոնեության ընդունմամբ լատիներեն այբուբենն աստիճանաբար դուրս է մղել ռունագրերը, և դրանք մոռացության են մատնվել մինչև 19րդ դարի սկիզբը:
Ռունագրերի պատմությունը նոր զարգացում է ստացել կապված էզոթերիկների և օկուլտիստների շրջանում նրանց նկատմամբ հետաքրքրության աճի հետ: 20-րդ դարի առաջին կեսին ռունագրերը սկսել են լայնորեն կիրառվել ֆաշիստական սիմվոլիկայի մեջ:
Օրինակ՝ Sol (կայծակ) ռունանշանը դարձել է Վերմախտի ՍՍ-ի զորքերի խորհրդանիշ, իսկ Hagal-ը (վեցանկյուն) դարձել է ազգի «փրկության» խորհրդանշան:
Մեր օրերում ռունագրերը տարածում են ստացել բախտագուշակության պրակտիկայում 1982 թվականից ի վեր, երբ ամերիկացի Ռալֆ Բլումը ստեղծել է ռունանշանների օգնությամբ ապագան կանխատեսելու համակարգ, այսպես կոչված՝ «ռունական արակուլ»: Անսպասելիորեն այդ համակարգը մեծ տարածում է գտել և ներկայուս նույնքան մասսայական է, ինչքան որ գուշակության այլ տեսակները:




















































