Բաղեղի տերև՞, կարապների սե՞ր, թե՞ պարզապես «սրտիկ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Սրտիկ» խորհրդանիշը ամենահանրաճանաչ և առավել հաճախ օգտագործվող նշաններից մեկն է: Այն պատկերում են ամենուր և ամեն տեղ՝ կոնֆետների տուփերի, վերնաշապիկների, բացիկների վրա և այլն:
Իսկ սոցցանցերում այն պարզապես դարձել է անփոխարինելի: Սակայն բանն այն է, որ մեզ քաջ հայտնի այս պատկերը բոլորովին էլ նման չէ սրտին: Հարց է ծագում, իսկ որտեղի՞ց է այն հայտնվել: Այս խորհրդանշանի առաջացման մի քանի առասպելներ կան:
Ըստ մի վարկածի, սրտի նշանը «նկարվել» է բաղեղի տերևից (ռուսերեն плющ, լատիներեն Hedera):
Ենթադրաբար հնում բաղեղը համարվել է խորը կապվածության խորհրդանիշ, քանի որ այն, հանդիսանալով փաթաթվող բույս, կարծես թե գրկում է ծառերը և այլ իրերը: Բացի դա, հելենիստական մշակույթում բաղեղի տերևը համարվել է գինեգործության աստված Դիոնիսոսի խորհրդանիշը:
Հունական անոթների վրա այն հաճախ է օգտագործվել որպես նախշազարդ: Բաղեղը շատ նշանակություններ է ունեցել, ընդ որում՝ անգամ անբարո:
Մեր թվարկությունից առաջ չորրորդ դարում հունական հասարակաց տները որպես իրենց «ապրանքանշան» օգտագործել են բաղեղի տերև: Հետագայում այդ խորհրդանշանը որոշակիորեն ձևափոխվել է և դարձել սրտի նշան:
Ըստ մեկ այլ վարկածի, սրտի խորհրդանիշը իրենից ներկայացնում է դեմ դիմաց կանգնած երկու կարապ, որոնք հպվելու պահին առաջացնում են սրտի պատկերը: Բանն այն է, որ կարապները համարվում են սիրո, հավատարմության խորհրդանիշ, քանի որ այդ թռչունները զույգեր են կազմում ամբողջ կյանքի համար, որը կենդանական աշխարհում հազվագյուտ երևույթ է: Մեկ ուրիշ վարկածի համաձայն, սրտի խորհրդանշանը նման է սիլֆիում բույսի սերմին: Նշենք, որ ներկայումս այդ բույսը անհետացած բուսատեսակ է:
Սիլֆիումը բազմաթիվ հրաշալի հատկություններ է ունեցել, իսկ դրանցից կարևորագույնն այն է, որ այն կարելի էր օգտագործել որպես հակաբեղմնավորիչ: Սիլֆիումը համարվել է Ապոլոնի նվերը և վաճառվել շատ թանկ: Նույնիսկ դրամների վրա են դաջել նրա պատկերը, որը խիստ նման է «սրտիկին»:
Իսկ հոգեբան, պրոֆեսոր Գիլդինո Պրանցարոնեն կարծում է, որ սրտի խորհրդանշանի առաջացումը կապված է լրիվ այլ երևույթի հետ:
Բանն այն է, որ հին հույներն ու հռոմեացիները կանացի գեղեցկությունը ասոցացրել են կնոջ մարմնի հետ՝ հետևից: Այսինքն, ըստ հոգեբանի, ստացվում է, որ սրտի սիմվոլը նման է կնոջ հետույքի արտապատկերին:
Ի դեպ, նման եզրակացության է հանգել Պրանցարոնեն՝ ուսումնասիրելով ներկայումս Սուրբ Վալենտինի տոն անվանումը կրող հնագույն տոնը:
Ըստ պրոֆեսորի, սրտի խորհրդանշանը ծագել է Հին Հունաստանում, և կապված է եղել հին հունական սիրո աստվածուհի Աֆրոդիտեի մարմնամասերի հետ:
Հետագայում դա անցել է եվրոպացիներին՝ չփոխելով իր ձևը, բայց փոխելով իմաստը՝ ներկայանալով որպես սրտի խորհրդանշան, մի խոսքով՝ «սրտիկ»:
Սակայն, ինչ էլ լինի, կարևորն այն է, որ այս խորհրդանշանը այսօր ասոցացվում է սիրո ու համաձայնության հետ: Այնպես որ, այսօր ազատորեն «սրտիկեք» միմյանց: Շնորհավոր Սուրբ Սարգսի տոնը:




















































