Վարչապետը համոզված է` Շիրակում «Այո»-ն 30 տոկոսից ոչ պակաս ձայն կհավաքի
ПОЛИТИКАՎարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ Շիրակի մարզում «Այո»-ն 30 տոկոսից ոչ պակաս ձայն կհավաքի:
«Մենք ամեն բան անում ենք, բացատրում ենք Սահմանադրության փոփոխության կարեւորությունը: Մենք լավ ենք աշխատում, քարոզում ենք, ներկայացնում ենք, որպեսզի քաղաքացիներն իրենց մասնակցությունն ու իրենց պատկերացումներն ունենան այս նախագծի մասին: Կարեւորը` իրազեկել հանրությանը, թող ինքը որոշի: Չար լեզուները ինչքան էլ փորձեն բամբասել, ինչքան էլ փորձեն հանրության մեջ ստեղծել վատ տրամադրություն, դա դատապարտված է »,- այսօր` նոյեմբերի 29-ին, լրագրողներին ասաց Հովիկ Աբրահամյանը, որը ներկա էր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 150 ամյակին նվիրված միջոցառմանը։
Հարցին, թե «Այո-ն» Շիրակի մարզում որքան կհավաքի, վարչապետն ասել է. «30 տոկոսից ոչ պակաս»։ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը գերազանց է գնահատում «Այո»-ի քարոզարշավը եւ համոզված է, որ ընտրողների մեծ մասը կողմ է քվեարկելու:
Հովիկ Աբրահամյանը նշեց նաեւ, որ Գյումրիում մինչեւ 2016 թ. երկրորդ եռամսյակը 600 աշխատատեղ կստեղծվի թեթեւ արդյունաբերության ոլորտում։
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր Սահմանադրությամբ նախատեսված է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի:



