Լվացքակալ. բոլորիս հայտնի պարզ իրի բարդ պատմությունը
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԼվացքակալի (լվացքի ամրակի) խոսակցական անվանումը շպիլկա է (ռուսերեն՝ шпилька . գալիս է զերմաներեն Spille՝ ասեղ բառից): Առաջին հայացքից թվում է, թե այդ հասարակ կառուցվածքով ամենօրյա օգտագործման գործիքը ոչ մի առանձնահատկություն չունի:
Բայց իրականում պարզվում է, որ լվացքակալի հայտնագործությունն ինքնին այնպիսի հետաքրքրություն է ներկայացնում, ինչպես, օրինակ՝ միջնադարյան սրերի, հնագույն կերամիկական իրերի և այլ հայտնագործությունների պատմությունը: Լվացքակալը, մակերեսորեն զննելիս, սովորական իրի տպավորություն է թողնում, որը ոչ մի ընդհանրություն չունի մշակույթի հետ:
Սակայն հենց այդ ոչ բարդ գործիքի հայտնագործությունն է հանդիսացել հոգևոր և նյութական մշակույթի փոփոխությունների դարակազմիկ վկան: Լվացքակալի պատմությունն սկսվել է հազարավոր տարիներ առաջ:
Դրա հայտնագործման միանշանակ վարկած չկա, բայց կան առասպելներ և տեսություններ: Հնէաբանների գտածոները հաստատում են, որ այդ իրը հայտնագործել է դեռևս հնագույն մարդը:
Այն սկզբում եղել է կենդանիների փորոտիքով միմյանց միացված երկու փայտե տաշեղ: Իհարկե, այդ իրը, լվացքը ֆիքսելուց զատ, ծառայել է նաև այլ նպատակների համար՝ մազակալ, հագուստի ամրակ և այլն:
Այնուամենայնիվ, դրա գլխավոր դերը կենդանիների կաշվից և մորթուց կարված հագուստը լվանալուց հետո կախելն է եղել կա՛մ ծառերի վրա, կա՛մ էլ քարանձավում կրակին մոտ: Լվացքակալների նման իրեր են եղել Հին Եգիպտոսում:
Այնտեղ դա եղել է մի ծայրով իրար միացված երկու փայտիկ և օգտագործվել է կտորները լվանալուց հետո չորացման նպատակով կախելու համար: Անգլիայում համարում են, որ լվացքակալի հայտնագործությամբ աշխարհը պարտական է գնչուներին, որոնք իրերը ամրացնում են պարանին ձգանով (ժգուտ) իրար միացված ուռենու ճյուղերով:
Զսպանակներ ունեցող փայտյա լվացքակալներ Եվրոպայում հայտնվել են միջին դարերում, և դրանք արդեն իսկ նման են եղել ժամանակակից լվացքակալներին:
1832 թվականին ԱՄՆ-ում առաջին անգամ լվացքակալի արտոնագիր է տրվել: Հետագայում մինչև 1887 թվականը լվացքակալների ևս 146 արտոնագիր է տրվել: Ընդ որում, բոլորն էլ մետաղական կամ փայտյա են եղել:
20-րդ դարի 70-ականներին հայտնվել են առաջին պլաստմասե լվացքակալները:
Իսկ սկսած 1980-ականներից՝ հայտնագործվել են այդ կենցաղային իրի նորանոր տեսակներ՝ մետաղական շերտերով, տարբեր տիպի զսպանակներով, П-աձև և С-աձև զսպանակներով և այլն:
Ավելի ուշ սկսել են արտադրել չորս սանտիմետրանոց ամբողջական պլաստմասե լվացքակալներ, որոնց բացվածքը 30 աստիճան է:
Այնուամենայնիվ, նշենք, որ ցանկացած դեպքում փայտյա լվացքակալները, չնայած իրենց թանկությանը, առավելություն ունեն պլաստմասե լվացքակալների նկատմամբ:
Բանն այն է, որ թաց լվացքը փայտով ֆիքսելը հեշտ է, իսկ ահա պլաստմասը, եթե չունի համապատասխան անհարթություններ, շատ սահուն է, ընդ որում, հեշտ է ինչպես լվացքը կորցնել, այնպես էլ հենց բուն լվացքակալը, որը դյուրությամբ է դուրս պրծնում տնային տնտեսուհու՝ թաց ձեռքերից:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը




















































