Ցեղասպանությունից փրկվածների ժառանգների Արալեզ գյուղում բացվեց Եղեռնի 100-րդ տարելիցի հուշարձան-կոթող
ОБЩЕСТВОՑեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձան-կոթողի բացմամբ նոյեմբերի 27-ին նշանավորվեց Արարատի մարզի Արելեզ գյուղի տոնը: 1915 թվականին ցեղասպանությունից փրկված Արեւմտյան Հայաստանի Վանի նահանգի Տոսպ գավառի Արալեզ գյուղի բնակիչները վերաբնակվեցին Արարատի շրջանի Ղարալար գյուղում: Տարիներ անց, ի պատիվ ծննդավայրի` գյուղը վերանվանեցին Արալեզ:
5,5 մ բարձրությամբ հուշակոթողի վրա կերտված են երկու հզոր արծիվներ, որոնք խորհրդանշում են Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանները: Այն կառուցված է 2100 քմ տարածքի վրա: Հուշակոթողի (քանդակագործ Կամսար Ղազարյան) շուրջը կառուցված է գեղեցիկ լիճ` որը Վանա լճի մանրակետն է: Կառույցի շինարարական աշխատանքները սկսվել են ամռանը, եւ իրականացվել համայնքի միջոցներով: Իսկ տարածքի հարդարումը, կանաչապատումը եւ ոռոգման ցանցի անցկացման աշխատանքները ֆինանսավորվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով:
Եղեռնի եւ արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին կառուցված «Գոյապայքար-վերածնունդ» հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը Վեդի քաղաքի Սբ Աստբածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը կատարեց օրհնության կարգ:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, շնորհավորելով պատմական գյուղի տոնը, ընդգծեց, որ յուրաքանչյուր հուշակոթող մի սրբավայր է, քանի որ ցեղասպանության զոհերը դասվել են սրբերի շարքը: «Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումներ են իրականացվել մարզի բոլոր համայնքներում: Սա նաեւ նախնիների հարգանքի, միասնության, համերաշխության ապացույցն է, որով 100 տարի անց զորացնում ենք համայնքը, մարզը եւ մեր հայրենիքը»,-ասաց մարզի ղեկավարը: Նա իր խոսքն ավարտեց գյուղապետ Մարտիկ Թեւանյանին շնորհակալություն հայտնելով հուշակոթողի կառուցման եւ պա տմական օրը հանդիսավորությամբ նշելու համար:
Ելույթ ունեցավ նաեւ Արալեզի դպրոցի վաստակաշատ ուսուցիչ Կիմ Մարտիրոսյանը, ով ողջունեց Արեւմտյան Հայաստանի Վան եւ Շատախ նահանգների բնակիչների հետնորդներին`պատմական անդրադարձ կատարեց դեպի հեռավոր անցյալ, երբ բնակիչներն Արազն անցնելով եկան Ղարալար: «Թուրքաբնակ եւ մասնակիորեն հայերով բնակեցված գյուղը նրանց ջերմությամբ չընդունեց: Սակայն, տարիների ընթացքում փոխվեց գյուղի պատկերը, եւ այժմ մենք ունենք ոչ թե Ղարալաղ թուրքական հոլիկներով գյուղ, այլ հայացված մանկապարտեզով, դպրոցով, գրադարանով, խաղահրապարակով շենացված Արալեզ»,-իր խոսքը եզրափակեց վետերան ուսուցիչը:
Արալեզում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանն իրենց ներկայությամբ պատվել էին նաեւ մարզային կառույցի աշխատակիցները, ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ԱԺ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, հյուրեր մայրաքաղաքից եւ հանրապետության այլ մարզերից: Հյուրերն իրենց խոնարհումն արտահայտեցին հուշակոթողին ծաղիկներ դնելով: Կատարումներով հանդես եկան նաեւ «Վասպուրական» եւ «Զարթոնք» պարային համույթները: Տոնական օրը համայնքում շարունակվեց մինչ ուշ երեկո եւ ավարտվեց հրավառությամբ:
Արալեզ գյուղն ունի 2726 բնակչություն` 768 տնտեսությամբ: Նախկինում ունեցել է Գարալար, Կարաբուլաղ, Ղարալար անվանումները: Արալեզ է վերանվանվել 1978 թվականին: 1831 թվականին ունեցել է 49, 1897թ-ին` 575, 1939 թ-ին` 780, 1959թ-ին` 2543, 1979 թ-ին` 3877 բնակիչ: Բնակչությունը նրգաղթել է Վանից եւ Շատախից` 1922-1924թթ, ապա Իրանից եւ Լիբանանից` 1946 թվականին, ինչպես նաեւ Մարտունու եւ Սիսիանի շրջաններից:
Տարվա ընթացքում Արարատի մարզի տարբեր համայնքներում Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բացվել են կոթող- հուշարձաններ, մասնավորապես` Այգեպատում, Արարատում, Վանաշենում, եւ այլուր:
Լիլիթ Մաճկալյան



