«Էլեկտրիկ Երևանը»՝ արդեն ցուցահանդես
ОБЩЕСТВОԱյս օրերին Ժուռնալիստների տանն անցկացվում է «Էլեկրիկ Երևան» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Բաղրամյանի դեպքերից հետաքրքիր լուսանկարներ և ֆիլմ՝ պատմող դեպքերի վերաբերյալ: Ցուցահանդեսի բացումը բավականին մարդաշատ էր, այնտեղ էին նաև «Ո´չ թալանին»-ի տղաները, որոնցից Միհրան Ավագյանը զրուցեց Past.am-ի հետ:
-Ցուցահանդեսը կազմակերպել է «Ֆոտոլուրը», իսկ ֆիլմը՝ լրագրողների միությունը , մեզ՝ որպես ֆիլմում նկարված մարդկանց, հրավիրել էին:
-Իսկ հավանեցի՞ր, վերապրեցի՞ր բաղրամյանական օրերը:
-Կարծում եմ՝ ցուցահանդեսի ու ֆիլմի նպատակը հենց դա էր, որ մասնակիցները նորից վերապրեն այդ պայքարը: Ֆիլմը հիմնականում հունիսի 23-ին տեղի ունեցող իրավունքների ոտնահարման մասին էր, բայց նաև դրա հետ համադրված էին պայքարի այն դրական պահերը, ինչը «էլեկտրիկ Երևանի» ամենամեծ ձեռքբերումն էր:
-Ի՞նչ տվեց «Էլեկտրիկ Երևանը» և դեռ ի՞նչ է տալու:
-«Էլեկտրիկ Երևանը» կարևոր քայլ արեց դեպի իրավագիտակից քաղաքացու ձևավորումը: Մեծ թվով մարդիկ, ովքեր միացան պայքարին, շատերը առաջին անգամ էին մասնակցում ու ձեռքբերում էր, որ սկսեցին տեր կանգնել իրենց իրավունքներին: Չէի ասի՝ դա «Ո´չ թալանինը» տվեց, պայքարին մասնակցող յուրաքանչյուր մարդ իր ներդրումը ունեցավ: Ինձ համար կարևոր էր, որ ցույց տվեցինք, որ հնարավոր է խաղաղ ճանապարհով հասնել հաջողության: Չգիտեմ՝ ապագայում ինչ կկարողանանք տալ, բայց մի բան հստակ է՝ մենք չենք հանձնվելու ու շարունակելու ենք պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ երկրում կլինեն թալան ու անարդարություններ:
Արուսիկ Տիգրանյան



