Ձերբակալության սպառնալիքով չխոսե՛ք. Բլեյանին բարկացրել է ոստիկանության ներկայությունը
ОБЩЕСТВО«Բլեյան Աշոտի հետ ձերբակալության սպառնալիքով չխոսե՛ք. դրանով չեք վախեցնի: Դադարեցրե՛ք, էս ի՞նչ խուլիգանությամբ եք զբաղված»,- այս մասին այսօր հայտարարեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ դիմելով հավաքված ոստիկաններին, որոնք թույլ չեն տալիս տնօրենին և ծնողներին խոչընդոտել տարածքում իրականացվող շինաշխատանքներին:
«Մենք դիմել էինք քաղաքապետին, որ կասեցնի այս ապօրինի որոշումը, բայց չի կասեցվել: Քաղաքապետի գործողությունները բողոքարկված են: Չկա այդպիսի քաղաքապետ, որ կարողանա արգելել մեր ճանապարհը և չկա այդպիսի օրինական որոշում, որովհետև դա իմ սովորողների իրավունքների դեմ է: Բոլորդ նստեք նստացույցի, թող ոստիկաններն էլ համարձակվեն մի բան անել»- ասաց Բլեյանը:
Նա սպառնաց փողոց դուրս գալ և պայքարել այդ որոշման դեմ. «Իշխանությունը պետք է բացատրի՝ ինչու է գաղութի վերածում մեր բնակավայրը: Իրենք էլ են փողոցով եկել, մենք էլ այդպես կանենք: Կներե՛ք, բայց դուք նախկին ռեժիմի գործողություններն եք շարունակում, մենք ապահովում ենք մեր բոլոր երեխաների, բնակիչների ազատությունը, և չեմ հասկանում, թե ինչ անում այստեղ ոստիկանությունը, սպառնալիքը պահեք ձեզ»,- նշեց նա:
Աշոտ Բլեյանն ու ծնողները նստույց արեցին ոստիկանական պատի մոտ, վերջիններս պահանջում էին ազատել տարածքը, քանի որ այդտեղ շինարարություն է ընթանալու:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ որոշում է կայացվել կրթական պարտեզում սկսել թիվ 93 մանկապարտեզի և կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի-Գեղարվեստի միջև ցանկապատի շինարարությունը, ինչին սակայն դեմ են կրթահամալիրի տնօրինությունն ու ծնողները:



