Կարկին. մտավորականության խորհրդանիշը՝ գծագրությունից բժշկություն
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մենք բոլորս գոնե դպրոցում երկրաչափության կամ նկարչության ժամերին շրջաններ և աղեղներ գծելու համար օգտվել ենք կարկինից:
Կարկինը (հին հայերենում օգտագործվել է նաև կարակն անվանումը, լատիներեն՝ circulus-շրջան, շրջանակ) շրջան գծելու, ինչպես նաև տարածությունները չափելու համար՝ մասնավորապես քարտեզի վրա, նախատեսված գործիք է։
Կարկինը սովորաբար պատրաստված է լինում մետաղից և կազմված է լինում 2 ոտքերից, որոնք իրար հետ կապված են։ Սովորաբար ոտքերից մեկի ծայրին լինում է ասեղ, իսկ մյուս ծայրին ՝ մատիտ կամ գրաֆիտի կտոր։
Չափելու համար նախատեսված կարկինի 2 ծայրերին էլ ասեղներ են լինում։ Կարելի է վստահ ասել, որ կարկին, ինչպես նաև հավասարապես քանոն օգտագործել են դեռևս հնում՝ մոտ երեք հազար տարի առաջ:
Այդ մասին են վկայում հին Բաբելոնում և Ասորեստանում կառուցված շենքերն ու պահպանված նկարազարդումները: Այդ ժամանակաշրջանի գրավոր արձանագրություններում տողերն ու օղակները այնքան կանոնավոր են, որ առանց կարկինի ու քանոնի հազիվ թե հնարավոր լիներ դա անել:
Կարկինի պատմությունը սկսվել է մի քանի հազարամյակ առաջ: Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները պատմում են, որ այս սարքը հորինել է Դեդալոսի բարեկամ Թալոսը: Նա, միացնելով հավասար երկարության երկու ձող, հորինել էր մի սարք, որը թույլ էր տալիս գծել բացարձակապես կատարյալ շրջան:
Կարելի է ենթադրել, որ Թալոսը իր բարեկամից էր ժառանգել գյուտարարական հատկությունը, քանի որ, ըստ լեգենդի, հենց Դեդալոսն էր իր որդի Իկարոսի հետ միասին մտածել և իրագործել թևերի օգնությամբ երկինք թռչելը: Ֆրանսիայում գտնվող մի հնագույն պատնեշի պեղումների ժամանակ հնագետները գտել են կարկին, որի տարիքը թվագրվել է մոտ երկու հազար տարվա հնության:
Հին հունական Պոմպեյ քաղաքի հնագիտական պեղումների ժամանակ ևս հայտնաբերվել են բրոնզե կարկիններ, որոնց տարիքը մի փոքր պակաս է եղել՝ մոտ 1900 տարեկան:
Իր ամբողջ պատմության ընթացքում կարկինը եղել է մի քանի տեսակների՝ նկարչական (գծագրական), որը նախատեսված է 2-ից 80 մմ տրամագծով շրջաններ և աղեղներ գծելու համար, կոր ոտքերով՝ ծավալային գործեր կատարելու համար, հավասարաչափ՝ լայնական մեծությունը չափելու համար, բաժանարար (նշագրումային)՝ չափերի մեխանիկական փոխանցման համար:
Նշենք նաև, որ քչերը գիտեն այն մասին, որ կարկինը օգտագործվում է ոչ միայն երկրաչափության, քարտեզագրության և գծագրության, այլ նաև անգամ բժշկության մեջ:
Բժիշկները կարկիններ են օգտագործում գանգը, ազդրերը և մարմնի այլ մասերը չափելու նպատակով: Այդ նպատակներով օգտագործվում են ինչպես մեծ, այնպես էլ փոքր բժշկական կարկիններ:
Իսկ, օրինակ, այսպես կոչված, կարկին-կալիպերի օգնությամբ կարելի է անգամ չափել ենթամաշկային ճարպաշերտի հաստությունը:
Բժշկության մեջ օգտագործվում է նաև Վեբերի կարկինը, որը նախատեսված է դիսկրիմինացիոն զգայնության որոշման համար, այսինքն՝ որոշվում է մարդու զգայնության շեմը:
Հետաքրքիր է այն, որ ԳԴՀ-ի զինանշանին պատկերված է կարկին, որը խորհրդանշում է մտավորականությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց




















































