ԱԱԾ-ն ձերբակալվածներին ահաբեկիչ չի համարում
ОБЩЕСТВОԵրեկ ԱԱԾ-ն տարածել էր հաղորդագրություն և տեղեկացրել, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Past.am-ն ուսումնասիրեց օրենսգիրքը և պարզեց, թե ինչ հոդվածներով են մեղադրանք առաջադրվել ձերբակալվածներին:
Այսպես, հոդված 223-ը վերաբերում է հանցավոր համագործակցություն ստեղծելուն: Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերն էլ հետևյալն են.
«1. Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցություն ղեկավարելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
2. Հանցավոր համագործակցությանը մասնակցելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:
Հոդված 235-ի 3-րդ մասն էլ սահմանում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Նման գործողությունները պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
Հետաքրքրական է, որ ձերբակալվածներին ի սկզբանե որակում էին որպես ահաբեկիչների, սակայն պարզվում է, որ քրգործի շրջանակներում նրանց գործողությունները չեն որակվել որպես ահաբեկչություն, որը նախատեսվում է օրենքի 217-րդ հոդվածը:
Տեղեկացնենք, որ հոդված 217-ի համաձայն՝
1. Ահաբեկչությունը՝ պայթյուն, հրկիզում կամ մարդկային զոհերի, զգալի գույքային վնաս պատճառելու կամ հանրորեն վտանգավոր այլ հետեւանքների առաջացման վտանգ ստեղծող այլ գործողություններ կատարելը կամ կատարելու սպառնալիքը, եթե դրանք կատարվել են հասարակական անվտանգությունը խախտելու, բնակչությանն ահաբեկելու կամ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման ընդունման վրա ներգործելու կամ հանցավորի ապօրինի այլ պահանջը կատարելու նպատակով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) հրազենի գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք
1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
2) զուգորդվել են զանգվածային ոչնչացման զենք կամ ռադիոակտիվ նյութեր կիրառելու կամ զանգվածային մարդկային զոհեր առաջացնելու հատկություն ունեցող այլ գործողությունների սպառնալիքով,
3) անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:
4. Ահաբեկչության նախապատրաստությանը մասնակցած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա, իշխանության մարմիններին ժամանակին հայտնելով կամ այլ միջոցներով, նպաստել է ահաբեկչության խափանմանը, եւ եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»:
Լիլիթ Լալայան



