Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ մի խումբ պատգամավորների նախագծին
ПОЛИТИКАՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ և հեղինակներին առաջարկեց ներկա փուլում ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ օրինագծով առաջարկվում է կրճատել առավել հաճախ հանդիպող և նվազ հասարակական վտանգավորություն ունեցող ճանապարհատրանսպորտային իրավախախտումների համար նախատեսված տուգանքները:
Նախարարի խոսքով՝ ներկայումս մշակվում է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը, որում ամրագրվում են նոր մոտեցումներ և սկզբունքներ: Բացի այդ, 2015 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում ստեղծված հանձնաժողովի աշխատանքների օրակարգում է ճանապարհային երթևեկության նվազ վտանգավոր, միտում չպարունակող խախտումների համար տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու, ինչպես նաև տուգանքների կրկնակի վճարման (գանձման) դեպքերը բացառելու համակարգի ներդնումը:



