Շոգենավ. 5 կմ/ժամ արագությունից մինչև շուրջերկրյա ճանապարհորդություն
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Առաջին շոգենավը, որը երբևէ օգտագործվել է նավագնացության մեջ, ստեղծել է իռլանդացի ինժեներ-մեխանիկ Ռոբերտ Ֆուլթոնը, որը եղել է աղքատ գյուղացու ընտանիքում ծնված տաղանդավոր ինքնուսույց: Ֆուլթոնը փորձարկել է իր առաջին անկատար շոգենավը 1803 թվականին Փարիզի Սենա գետի վրա:
Կարելի է ասել, որ այդ առաջին փորձը հաջող էր՝ շոգենավը զարգացրել է 5 կմ/ժամ արագություն և 1,5 ժամ լողացել է ջրի վրա: Հաջորդը «Կլերմոնտ» անիվավոր շոգենավն է, որը Ֆուլթոնի կողմից ստեղծվել է 1807 թվականին:
Դրա վրա նա տեղադրել է Ուատտի շոգեշարժիչ: Շոգենավի երկարությունը եղել է 43 մետր, բեռնատարողությունը՝ 15 տոննա, իսկ շարժիչի հզորությունը՝ 20 ձիաուժ:
Իր առաջին նավարկությունը «Կլերմոնտը» իրականացրել է 1807 թվականին Հուդզոն գետով:
Շոգենավը, գետի հոսանքին հակառակ և հանդիպակաց ուժեղ քամու պայմաններում 32 ժամվա ընթացքում անցնելով 150 մղոն (270 կմ) տարածություն, Նյու Յորքից հասել է Օլբանի:
«Կլերմոնտի» շնորհիվ դրվել է շոգենավային նավագնացության սկիզբը, և սկսել են շոգենավեր ստեղծել բազմաթիվ այլ երկրներում:
Ընդ որում, մշտապես իրականացվել են շոգենավերի նորարարություններ և կատարելագործումներ:
1819 թվականից Ամերիկայի և Եվրոպայի միջև տրանսատլանտյան նավարկության գիծ է մտել «Սավաննա» շոգենավը, որն Ամերիկայից բամբակ էր հասցնում Անգլիա 26 օրում:
1819 թվականին այս շոգենավը մտել է նաև Սանկտ Պետերբուրգի նավահանգիստ, և դա Ռուսաստանի տարածք մտած առաջին շոգենավն էր: 1825 թվականին 113 օրվա ընթացքում Լոնդոնից Կալկաթա է հասել անգլիական «Էնտերպրայզ» շոգենավը:
Իսկ «Կյուրասո» շոգենավը ընդամենը 32 օրվա ընթացքում է Հոլանդիայից հասել Արևմտյան Հնդկաստան: Սակայն 19-րդ դարի 40-ականներին ծովային նավաշինությունը բավականին դանդաղ էր զարգանում, քանի որ անհնար էր շահագործման ընթացքում հայտնաբերված նախագծային թերությունները արագ վերացնել, և դա խոչընդոտում էր շոգենավերի արդիականացումը:
Նավաշինության զարգացման խթան են դարձել շոգենավերի և շարժիչների նախագծային հիմնարար փոփոխությունները:
Կարևոր դեր է խաղացել նաև նոր նյութերի օգտագործումը: Շոգենավերի կորպուսների ստեղծման գործում երկաթի և պողպատի օգտագործումը մեծագույն նշանակություն է ունեցել նավաշինության ոլորտում:
Թիակային պտուտակով առաջին շոգենավը 1838 թվականին հայտնագործել և ստեղծել է անգլիացի ինժեներ և գյուտարար Սմիթը: Նա իր ստեղծածն անվանել է «Արքիմեդ»:
Թիակային պտուտակով շոգենավերի հետագա բարելավումը հանգեցրել է նրան, որ մինչև 1840-ականների վերջը թիակային պտուտակը արագորեն դուրս է մղել մինչ այդ օգտագործվող թիակային անիվներին:
Առաջին շոգենավերը, որոնցով հնարավոր է դարձել իրականացնել օվկիանոսային կանոնավոր ուղևորափոխադրումներ, ստեղծվել են 19-րդ դարի 30-ականներին:
Հենց այդ թվականներից էլ շոգենավերը սկսել են պարբերաբար նավարկություններ իրականացնել Եվրոպայից Ամերիկա և հակառակ ուղղությամբ:
Որոշ ժամանակ անց էլ արդեն շոգենավերը նման նավարկություններ են սկսել նաև դեպի այլ մայրցամաքներ, իսկ իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը շոգենավն իրականացրել է 1842 թվականին:
Ինչպես և երկաթուղին, շոգենավը ևս մարդկության պատմության ընթացքում նպաստել է մարդկանց և բեռների տեղափոխման ժամանակի կրճատմանը և ինքնարժեքի իջեցմանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը




















































