Ի՞նչ է խուլիգանությունը, և ո՞ր դեպքերում արարքը կարող է որակվել որպես խուլիգանություն
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Ճանաչեք և պաշտպանեք ձեր իրավունքները» խորագիրը: Շատ են դեպքերը, երբ քաղաքացիները չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ իրազեկված չեն, իսկ երբեմն էլ որոշ պետական հիմնարկներ էլ ավելի են շփոթեցնում նրանց:
Օրաթերթը, համագործակցելով ՀՀ փաստաբանների պալատի հետ, այսուհետ հանրային իրազեկման արշավ է կազմակերպում, որը կօգնի մեր քաղաքացիներին իմանալ և պաշտպանել իրենց իրավունքները: Նշենք նաև, որ յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակն անվճար խորհրդատվություն է տրամադրում ՀՀ բոլոր քաղաքացիներին:
Հարց.-Ի՞նչ է խուլիգանությունը, և ո՞ր դեպքերում արարքը կարող է որակվել որպես խուլիգանություն:
Պատասխանում է փաստաբան Թամարա Բաղդասարյանը:
Խուլիգանությունը դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելն է, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:
Որպեսզի արարքը որակվի որպես խուլիգանություն, անհրաժեշտ է պարզել հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայությունը, այն է՝ հասարակական կարգը կոպիտ խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հանցավոր դիտավորությունը, նպատակը:
Հատկանշական է, որ անհարգալից վերաբերմունքը բացահայտ է ոչ թե այն պատճառով, որ կատարվում է հասարակական վայրերում կամ հասարակության անդամների ներկայությամբ, այլ այն պատճառով, որ կատարվում է հենց հասարակության նկատմամբ հանցավորի անհարգալից վերաբերմունքը ցուցադրելու նպատակով:
Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներում արձանագրել է, որ արարքը, ժեստը, բառը, մարմնաշարժումը և այլն չի կարող գնահատվել որպես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, եթե ուղղված է կոնկրետ անձին և չի հետապնդում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու նպատակ, թեկուզ հանցավորը հասկանում է, իսկ որոշ դեպքերում պարտավոր է հասկանալ, որ կոնկրետ անձին ուղղված իր արարքը տեսանելի և ընկալելի է հասարակության համար:
Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներում իրավական դիրքորոշում է ձևավորել նաև խուլիգանության հանցակազմի սուբյեկտիվ կողմի վերաբերյալ, արձանագրելով, որ խուլիգանությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ:
Դա նշանակում է, որ մեղավոր անձը ոչ միայն գիտակցում է, որ իր գործողություններով խախտում է հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում հանրության հանդեպ, այլև ցանկանում է կատարել այդ գործողությունները, հետևաբար, եթե մեղավոր անձի գործողությունները կատարվել են ոչ խուլիգանական մղումներով և չեն զուգորդվել հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, դրանք չեն կարող որակվել որպես խուլիգանություն:
Մեղադրյալի կողմից տուժողին վիրավորանքներ, մարմնական վնասվածքներ հասցվելու կամ նման այլ բռնարարքների կատարման դեպքում խուլիգանական մղումները և խուլիգանության հանցակազմը կարող է բացակայել, եթե նշված գործողությունները կատարվել են կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության, քիչ թե շատ երկարատև ժամանակահատվածի ընթացքում ձևավորված հակակրանքի արդյունքում: Խուլիգանական մղումների առկայությունը գնահատելու համար էական նշանակություն կարող է ունենալ նաև տուժողի վարքագիծը:



