Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել
ОБЩЕСТВО
Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կարախանյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է՝ ինքն էլ հրաժարականի դիմում ներկայացնի:
«Ես այս պահին որեւէ նման մտադրություն չունեմ: Կադաստրում նորմալ աշխատանքային վիճակ է»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք առաջարկի դեպքում ինքը պատրաստ է ստանձնել կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնը, Կարախանյանն ասաց, որ ինքը կմտածի, դեռ նման առաջարկ չկա:
Նշենք, որ օրեր առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, իսկ այսօր՝ կոմիտեի ղեկավարի տեղակալ Լեւոն Մելիքյանը:
Սարհատ Պետրոսյանն այսօր ֆեյսբուքյան գրառում է արել. «Իմ հայտարարության նախնական տարբերակում նախատեսում էի նշել, որ ինձ հետ միասին ազատման դիմումներ են ներկայացնելու նաեւ իմ մի շարք գործընկերները, սակայն ավելի ուշ որոշեցի չգրել այդ մասին, որեւէ կերպ չկաշկանդելով նրանց։
Մենք որպես թիմ միասին եկել էինք փոփոխություն բերելու, եւ այժմ էլ հեռանում ենք որպես մեկ միասնական թիմ։ Սա մեկ անգամ եւս վերահաստատում է, որ մեզ հաջողվել է ձեւակերպել միասնական տեսլական ու արժեքային համակարգ։ Հույս ունեմ, որ նույն կազմով դեռ կկարողանանք օգտակար լինել մեր երկրին»։



