Թուրքիային ասել են՝ «խփեք, տեր ենք». Արամ Կարապետյան
ИНТЕРВЬЮ
Արդեն հայտնել ենք, որ թուրքական օդուժի կողմից խոցվել է ռուսական «Սու-24» ինքնաթիռը: Past.am-ը զրուցել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ և մեկնաբանություններ ստացել՝ կապված ռուս-թուրքական հետագա հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների հետ:
Պարոն Կարապետյանը մասնավորապես ասաց. «Ես տպավորություն ունեմ, որ հիմա շատ ծանր կացության մեջ է Ռուսաստանը, որովհետև առաջին անգամ ՆԱՏՕ-ն՝ Թուրքիայի միջոցով ցույց է տվել, որ պատրաստ է ռազմական բախման: Հիմա արեցին այն, ինչ Ուկրաինայից հետո չարեցին: Բոլորը սպասում են՝ Ռուսաստանն արդյոք կմտնի՞ ռազմական բախման մեջ ՆԱՏՕ-ի անդամ 28 պետությունների հետ: Հիշեցնեմ, որ այս դեպքը եղավ G20-ի հանդիպումից հետո: Հասկանալի է, որ Թուրքիան միայնակ այդպիսի գործողություն չէր անի, նախնական պայմանավորվածություններ եղած կլինեն: Հաստատ ասել են՝«խփեք, տեր ենք»: Պենտագոնի հայտարարությունները ցույց տվեցին, որ «տեր» եղան: Ռազմական գործողությունների տրամաբանություն տեսանելի չէ Ռուսաստանի կողմից: Կարծում եմ, որ գլխավոր խնդիրները կլինեն դիվանագիտական և տնտեսական կողմում: Ռուսաստանը որոշակի դիվանագիտական քայլեր կանի, հնարավոր է՝ դեսպանին հետ կանչի: Տնտեսականը, կարծում եմ, կարող է լինել «Թուրքական հոսքի» կասեցում, նաև զբոսաշրջային ուղղության փակում, ինչպես եղավ Եգիպտոսի պարագայում: Դա բավականին մեծ տնտեսական հարված կլինի Թուրքիային: Բայց դա էլ ադեկվատ պատասխան չի լինի»:
Խոսելով Հայաստանի վրա ունեցած ազդեցության մասին՝ մեր զրուցակիցն ասաց. «Հայաստանի համար ամենակարևոր խնդիրը կլինի այն, որ ապուշ արտահայտություններ չարվեն և ավանտյուրաների մեջ չներքաշվեն, որովհետև մեր իշխանության մեջ մարդիկ կան, որոնք այնպիսի ապուշություններ կարող են ասել, որ թիրախավորեն Հայաստանը: Հայաստանը կարող է թիրախավորվել նման հայտարարությունների դեպքում, նաև եթե ռուսական ռազմաբազան օգտագործվի որոշ գործողությունների համար: Հիմա սոցցանցերում անիրատեսական շատ բաներ են խոսում՝ Ստեփանակերտի օդանավակայանի հետ կապված և այլն: «Ստամբուլն էլ արյան ծով սարքել» պետք չէ, հիմա այդ դեպքը չէ: Սա դեռ վերջը չէ, սա սկիզբն է»:
Հարցին՝ ինչի՞ն էր սա պետք Թուրքիային, մեր զրուցակիցն ասաց, որ Թուրքիային պետք չէր: «Դուք պատկերացնո՞ւմ եք Թուրքիայի վիճակը: Հիշեցնեմ, որ պառլամենտի երկրորդ ընտրություններ եղան, նաև ահաբեկչություններ: Մի խոսքով՝ լուրջ խնդիրներ: Եթե Ռուսաստանը լրջորեն Սիրիայում մնում է, ապա քրդական շարժման դեմ գործողություններն են պակասելու, հազար բան է լինելու: Թուրքիան փորձեց ինքնուրույն լինել և նեոօսմանիզմի մասին խոսեց: Զգալով վտանգներ՝ նորից մտավ ՆԱՏՕ-ի թևի տակ: Ես կասեի՝ շնչակտուր վերադարձավ»,- ասաց վերջինս:
Լևոն Փանոսյան




















































