Քարսիթ. «երեխաների կատապուլտից» մինչև անվտանգության հարմարանք
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՄանկական ավտոբազմոցի (քարսիթ) մասին վերջերս ավելի ու ավելի հաճախ է խոսվում: Իսկ ի՞նչ է այն և ի՞նչ պատմություն ունի: Քարսիթը շարժական նստատեղ է, որը նախատեսված է երեխաներին մեքենայով տեղափոխելու համար:
Պաշտոնապես այն կոչվում է «երեխաներին պահող հարմարանք»:
Ավտոմեքենաներն ունեն մեծահասակների համար նախատեսված անվտանգության ամրագոտիներ, իսկ 12 տարեկանից փոքր (կամ մինչև 36 կգ քաշ ունեցող) երեխաներին խորհուրդ է տրվում (կամ պահանջվում է, նայած երկրի օրենքին) տեղափոխել բացառապես մանկական ավտոբազմոցներով:
Ի սկզբանե քարսիթը ստեղծվել է տանը օգտագործելու համար, և միայն դրանից հետո է միտք ծագել այն դարձնել մեքենայի նստատեղ երեխայի համար:
Առաջին մանկական ավտոբազմոցը ստեղծվել է Միացյալ Նահանգներում: Դրա մասին առաջին հիշատակությունը եղել է 1935 թվականի գարնանը Modern Mechanix («Ժամանակակից մեխանիկա») ամսագրի մի հոդվածում:
Իհարկե, առաջին մանկական ավտոբազմոցը դժվար թե կարողանար վթարի ժամանակ երեխային պաշտպանել վնասվածքներից, քանի որ այն իրենից ներկայացնում էր հատակին ամրացված պողպատե ձողի վրա տեղադրված նստատեղ:
Ավելի շուտ վթարի դեպքում այդ նստատեղը կաշխատեր որպես կատապուլտ և առաջ կնետեր երեխային: Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ ավտոմեքենաների արագությունը 1930-ականներին մեծ չէր, և այդ սարքը նախատեսված էր ոչ թե երեխայի անվտանգությունը ապահովելու, այլ նրան մեկ տեղում ֆիքսելու համար, որպեսզի երեխան ուղղակի չտեղաշարժվի մեքենայի սրահում:
Ներկայումս ամերիկացիները այդ գյուտը կես կատակ-կես լուրջ անվանում են «երեխաների կատապուլտ», չնայած ի սկզբանե այն ներկայացվել է որպես երեխայի՝ ավտոմեքենայում տեղադրված հարմարավետ նստատեղ:
Հարկ է նշել որ այն նման չէր նստատեղի, և հենց այդտեղից էլ գալիս է այդ սարսափելի մականունը: Երեխային տեղում պահող անվտանգության գոտին հայտնվել է միայն 1939 թվականին: Իր փոքր որդու համար նման ավտոբազմոց է հորինել Կոնեկտիկուտ նահանգի Տորրինգտոն քաղաքի բնակիչ Լեսթեր Բրեսսոնը:
Նա ձեքի տակ եղած նյութերից ինքնաշեն աթոռ էր պատրաստել՝ օգտագործելով տարբեր չափերի տախտակի և երկաթի կտորներ և գործվածքներ՝ պաստառապատելու համար: Անվտանգության ամրագոտիով պատրաստի մանկական բազկաթոռը Լեսթերը տեղադրել էր ավտոմեքենայի առջևի նստատեղերի միջև՝ հատակին ամրացված մետաղյա ձողի վրա:
Մանկական ավտոբազմոցի նոր մոդելը, որը դարձել է ժամանակակից քարսիթի նախատիպը, նախագծվել է 1963 թվականին պրոֆեսոր Բերտիլ Ալդմանի կողմից: Այս ավտոբազմոցը տեղադրվում էր առջևի նստատեղին՝ թիկնակով դեպի առաջ, այսինքն՝ մեքենայի շարժմանը հակառակ:
Հետագայում Ալդմանին Volvo ընկերությունը ներգրավել է նոր մանկական ավտոբազմոցների նախագծման աշխատանքներում, և նրանց ստեղծած նորույթը առաջին անգամ ներկայացվել է 1967 թվականին կայացած միջազգային ավտոցուցահանդեսում: Այն բանից հետո, երբ այնպիսի հանրահայտ ընկերություններ, ինչպիսիք են Romer-ը և Recaro-ն, սկսել են մանկական ավտոբազմոցների արտադրություն, դրանք ձեռք են բերել լայն տարածում:
Ամրացման միջազգային Isofix համակարգով մանկական ավտոբազմոցների արտադրություն առաջինը սկսել է իրականացնել Romer ընկերությունը: Մանկական ավտոբազմոցների զանգվածային արտադրություն սկսելով՝ արտադրողները սկսել են առաջնային ուշադրություն դարձնել երեխայի պաշտպանության աստիճանի և ավտոբազմոցի հուսալիության մակարդակի վրա:
Ներկայումս այս արտադրանքին բավականին շատ պահանջներ են ներկայացվում, այնուամենայնիվ, ամենակարևորը համարվում է երեխայի անվտանգությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը




















































