ՀՀ քաղաքացին փորձել է մաքսանենգ ճանապարհով թմրանյութ տեղափոխել Հայաստան
ОБЩЕСТВОԵրևանի բնակիչ Արման Դանգոյանցին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի երկրորդ մասի և 268-րդ հոդվածի երրորդ մասի հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:
Արման Դանգոյանցը 2015 թվականի ապրիլի 20-ին Բագրատաշեն հսկիչ-անցագրային կետով մեկնել է Վրաստան, այնուհետև Թբիլիսի-Վարշավա չվերթով մեկնել է Լեհաստան:
Լեհաստանում անհայտ անձից 1000 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել 51.521 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց, որը 2015 թվականի ապրիլի 26-ին մաքսանենգ ճանապարհով փորձել է տեղափոխել ՀՀ տարածք, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում մաքսավորների կողմից հայտնաբերվել է վերջինիս կրկնակի զննություն կատարելու ժամանակ:
Վերը նշված քրեական հոդվածներով` մեղադրյալին սպառնում է երկուսից ութ տարի ժամկետով ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը Արման Դանգոյանցի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառել է կալանավորումը:



