Իրանցի կանանց լուռ բողոքը. նրանց առանց հիջաբի լուսանկարները ողողել են համացանցը
ФОТО
Իրանում ապրող կնոջ համար մազերը շալով կամ հիջաբով ծածկելը ոչ միայն կրոնական ծես է, այլև՝ պարտադիր օրենք,- հայտնում է Past.am-ը: Եթե ինչ-որ մեկը որոշի կանոնը խախտել, ապա իրավապահներն իրավունք ունեն նրան կալանավորել:
Իրանցի կանայք նախկինում ևս բողոքել են նման խիստ կանոնների դեմ, սակայն հիմա բավական ակտիվ արշավ են սկսել սոցցանցերում: Առավել տարածված էջը Facebook-ում կոչվում է «Իմ թաքնված ազատությունը»:
Իրանցի լրագրող Մասիխ Մլինեջադը, ով ներկայում ապրում է Բրուքլինում, պայքարում է ընտրության ազատության համար իր ու մյուս իրանցի կանանց համար: Նա ստեղծել է այդ խումբը, որպեսզի կանանց հնարավորություն տա պատմելու իրենց պատմությունները:
Ու նրանք օգտվել են այդ հնարավորությունից: Խմբում կան բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր, որտեղ իրանցի աղջիկները ցուցադրում են իրենց մազերը՝ առանց ծածկելու:
Նրանց միավորում է մեկ նպատակ՝ հասնել այն բանին, որ Իրանում կանայք ունենան ընտրության հնարավորություն՝ ծածկե՞լ մազերը, թե՞ ոչ:
Նրանք կարծում են, որ հիջաբ կրելը հարգանքի տուրք է մշակույթին ու կրոնին, սակայն դա յուրաքանչյուրի գործն է: Իսկ մինչ իրական կյանքում դա մնում է երազանք, աղջիկները շարունակելու են ցուցադրել իրենց լուսանկարները համացանցում:
Այսօրվա դրությամբ «Իմ թաքնված ազատությանը» միացել է ավելի քան 820 հազար մարդ: Նրանց մեծ մասն իրանցի աղջիկներ են:




















































