«Շշի Մելոյի» եղբայրը գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից
ОБЩЕСТВО
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր՝ սեպտեմբերի 2–ին որոշում է կայացրել բավարարել ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի եղբոր՝ «ՍԱՄ-ՀԱՐ» ՍՊԸ–ի տնօրեն, գործարար Ռոբերտ Մանուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպանի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մանուկյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։ Դատարանը գրավի չափ է սահմանել 800.000 դրամը։ Սարգսյանը տեղեկացրեց, որ դատարանի դեպոզիտ հաշվին վճարել են համապատասխան գումարը և Մանուկյանն ազատ է արձակվել «Վարդաշեն» ՔԿՀ–ից։
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 8–ին որոշում կայացրեց բավարարել քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Ռոբերտ Մանուկյանին: Վերաքննիչ քրեկան դատարանն էլ Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ անփոփոխ էր թողել այս որոշումը։
Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել օգոստոսի 6–ին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար։
Ռոբերտ Մանուկյանը մեղադրվում է 6 ոստիկանի միայնակ ծեծի ենթարկելու մեջ` այն ժամանակ, երբ նրան բերման ենթարկելիս են եղել: Ռոբերտ Մանուկյանը բերման է ենթարկվել օգոստոսի 3-ին՝ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունից հետո եղբոր`Մելիք Մանուկյանի Range Rover մակնիշի ավտոմեքենա դեպքի վայրից հեռացնեուն դրդրելու կասկածանքով:
Հիշեցնենք, որ Երևան-Սևան ավտոճանապարհին պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին`Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ: Պայթյունից հետո իրավապահներն աշխատելիս են եղել դեպքի վայրում, երբ Մելիք Մանուկյանի մեքենան հեռացրել են դեպքի վայրից, ապա քիչ անց վերադարձրել: Այս դրվագով մեղադրանք է առաջադրվել երկու անձի` Ռոբերտ Մանուկյանին և Մարկոս Մարկոսյանին, որը կալանավորված է։ Պայթյունի առթիվ քննություն է տարվում սպանության փորձի և պայթուցիկ նյութեր պահելու հոդվածներով: Այս դրվագով կալանավորված է 3 անձ:



