«Հաղթանակած» երիտասարդական նախաձեռնությունը մեկնարկում է «Անկախության մարաթոն»
ОБЩЕСТВО«Հաղթանակած» համահայկական երիտասարդական նախաձեռնությունը, կարևորելով հայկական երկու պետությունների անկախությունը և դրանց հիմք դարձած հաղթանակները, սեպտեմբերի 1-ի երեկոյան մեկնարկում է «Անկախության մարաթոն»՝ միավորելով Արցախի և Հայաստանի Հանրապետությունների 28-ամյակները։
Մարաթոնի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում` Եղբայրական գերեզմանատանը մոմավառության արարողությամբ, որից հետո Մարաթոնի մասնակիցները անցնելու են Արցախի և Հայաստանի 30 քաղաքներով՝ որպես միասնության և համատեղ փառահեղ հաղթանակի ուղի։ Այն անցնելու է հետևյալ քաղաքներով՝ Ստեփանակերտ, Հադրութ, Մարտակերտ, Շուշի, Բերձոր, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, Տաթև, Սիսիան, Վայք, Եղեգնաձոր, Մարտունի, Գավառ, Հրազդան, Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան, Այրում, Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ, Գյումրի, Արթիկ, Ապարան, Աշտարակ, Սարդարապատ, Էջմիածին, Երևան։
Առաջին շաբաթվա օրակարգն այսպիսինն է.
Սեպտեմբերի 1-2 – Ստեփանակերտ
Սեպտեմբերի 2 – Հադրութ
Սեպտեմբերի 2-3 – Մարտակերտ
Սեպտեմբերի 2-3 – Շուշի
Սեպտեմբերի 3-4 – Բերձոր
Սեպտեմբերի 4-5 – Գորիս
Սեպտեմբերի 5 – Կապան
Սեպտեմբերի 5-6 – Քաջարան:
Հաջորդող օրերի օրակարգը և առավել մանրամասն տեղեկություններ կհաղորդվեն նախապես։
Սեպտեմբերի 20-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում Մարաթոնի մասնակիցները և բոլոր նրանք, ովքեր կմիանան, կիրականացնեն երթ՝ դեպի Եռաբլուր փառքի պանթեոն` միասին դիմավորելու ՀՀ անկախության նախօրյակը:
Բոլոր քաղաքներում «Անկախության մարաթոնի» մասնակիցները հանդիպումներ են ունենալու տեղի ազատամարտիկների հետ, ներկայացնելու են նախաձեռնությունն ու կազմակերպելու են հանդիպումներ յուրաքանչյուր քաղաքի երիտասարդների հետ` տարածելով «Հաղթանակած» նախաձեռնության գաղափարը:
«Հաղթանակած» երիտասարդական շարժման նպատակն է Հայաստանի և Արցախի երիտասարդության համախմբումը՝ հաղթանակի գաղափարի շուրջ։ Նախաձեռնությունը միավորում է Հայաստանի և Արցախի պետական և ոչ պետական բուհերի ուսանողներին, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ երիտասարդներին՝ Արցախյան ազատամարտի հաղթանակի գաղափարն ավելի արժեվորելու, Հայաստանն ու Արցախը՝ որպես հայրենիքը ճանաչելու՝ հայտնի ու անհայտ կողմերով, հայկական երկու պետությունների և աշխարհասփյուռ հայության երիտասարդներին միավորելու, ուսանողության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացման և հայրենասեր, հաղթանակած սերունդ կերտելու ձգտումով։
«Հաղթանակած» նախաձեռնությունը արդեն հասցրել է իրականացնել մի շարք միջոցառումներ, հանդիպումներ քաղաքացիական համայնքների, ամենայն հայոց կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ-ի հետ, որն իր հայրապետական օրհնությունն է բերել նախաձեռնությանը, իրականացրել է երիտասարդական ֆորում, «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաք և այլն։
Միջոցառումներին մասնակցելու համար կարելի է զանգահարլ 041 31 01 61, 098 61 61 87, 096 24 31 65 հեռախոսահամարներով կամ [email protected] էլեկտրոնային հասցեով:







