Ինչո՞ւ դիետաները չեն օգնում բոլորին
ЛАЙФ
Ինչո՞ւ դիետաները չեն օգնում բոլորին. հարց, որը տանջում է մեզնից յուրաքանչյուրին: Past.am-ը ներկայացնում է նոր հետազոտություններ, որոնք բազմաթիվ օրինակներով տալիս են այս հարցի պատասխանը:
Մեկի համար առողջարար ուտելիքը կարող է մյուսի համար գիրանալու պատճառ դառնալ: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սխալ է, երբ բոլորը նույն դիետաներից են օգտվում: Օրինակ՝ մի կին արյան շաքարի հետ խնդիրներ է ունեցել ամեն անգամ լոլիկ ուտելուց հետո, որը համարվում է ցածր յուղայնությամբ սննդարար ուտելիք: Իսրայելում հետազոտություն են անցկացրել 800 մարդկանց շրջանում:
«Առաջին՝ ամենամեծ զարմանքն ու ապշեցուցիչ հայտնաբերությունը, որ արեցինք, այն էր, որ նույն ուտելիքներին տարբեր մարդիկ տարբեր կերպ են արձագանքում»,- ասել է Էրան Սիգալը՝ Իսրայելի Գիտությունների ինստիտուտի հետազոտողներից մեկը:
Մասնակիցները հագել են արյան մեջ շաքարի քանակությունը չափող մոնիտորներ, որոնք մի շաբաթ շարունակ ամեն 5 րոպեն մեկ չափումներ են արել: Նրանք նաև անալիզներ են հանձնել, որպեսզի աղիների միկրոբիոմները նույնպես հնարավոր լինի հետազոտել: Մասնակիցներից ոչ ոք շաքարախտով հիվանդ չի եղել, բայց ոմանք գեր են եղել և նախաշաքարախտային վիճակում: Հետազոտողները շփոթվել են նույն ուտելիքի նկատմամբ նրանց տարբեր ռեակցիաներից: Օրինակ՝ որոշ մարդկանց շաքարն ավելի է բարձրացել սուշի, քան պաղպաղակ ուտելուց հետո: Իսկ միջին տարիքի մի կնոջ մոտ էլ լոլիկ ուտելուց հետո, որը, ըստ նրա, առողջ դիետայի մաս է կազմել, շաքարը միանգամից շատ բարձրացել է:
Արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը վտանգավոր է, որովհետև կարող է տանել շաքարախտի, գիրության, սրտի խնդիրների և ունենալ այլ բարդացումներ, այդ թվում՝ առաջացնել աչքերի, երիկամի ու նյարդերի հիվանդություններ:
Շատ դիետաներ նպատակ ունեն արյան շաքարը պահել ցածր մակարդակի վրա՝ օգտագործելով մրգեր, բանջարեղեն և բարդ ածխաջրածիններ և խուսափելով շաքար ու սպիտակ ալյուրից պատրաստված մթերքներ ուտելուց: Բայց այդ խորհուրդները ոչ բոլորին են օգտակար: Էրան Էլինավը նշել է, որ մարդկանց ցածր յուղայնությամբ դիետաներ առաջարկելու փոխարեն պետք է դրսևորել ավելի մարդկային մոտեցում՝ ուշադրության կենտրոնում պահելով ոչ թե դիետան, այլ անհատին: Ըստ նրա, ավելի օգտակար կլինի մարդկանց օգնել վերահսկել արյան բարձր շաքարը և բարելավել առողջությունը:
Հետազոտողները նաև օգտագործելու են իրենց ստացած տվյալները ալգորիթմ ստեղծելու համար, որը կկարողանա գուշակել՝ ինչպես են տարբեր մարդիկ տարբեր կերպ արձագանքում նույն ուտելիքին: Նրանք հիմնվելու են իրենց սեփական հատկանիշների ու աղիների միկրոբների ուսումնասիրությունների վրա: Պարոն Սեգալը հայտնել է, որ իր գործընկերների հետ աշխատում են մի համակարգի վրա, որը ավելի սննդարար արժեքներ կմատուցի գնորդին:




















































