Հարթաշենում 25-ամյա երիտասարդը մահացել է անզգույշ կրակոցի հետեւանքով. մանրամասներ
ОБЩЕСТВОNews.am-ը գրում է .
Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքում 25-ամյա Անդրանիկ Սահակյանը նախօրեին մահացել է անզգույշ կրակոցի հետեւանքով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարթաշենի գյուղապետ Արմեն Խաչատրյանը։
Գյուղապետը պատմեց, որ Անդրանիկը երեկ հոր հոտ գնացել էր վառելափայտ հավաքելու։
«Վատ ապրող ընտանիք են, գնացել էին՝ վառելափայտ բերեին ձմռան համար։ Փայտը բարձում են մեքենան, բարձրանում հարթ տեղ, որտեղ Անդրանիկը պետք է դատարկեր փայտը եւ նորից ձորն իջնեին՝ փայտ հավաքելու։ Անդրանիկն իջել է մեքենայից, բացել բեռնախցիկը, որ դատարկի փայտը, որի վրա դրված է եղել նաեւ հրացանը։ Հենց այդ պահին էլ անզգույշ կրակել է, ինչի հետեւանքով ինքը մի քանի վայրկյանների ընթացքում մահացել է»,- դեպքի մանրամասները պատմեց Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ դեպքի վայրում աշխատել են իրավապահ մարմինները եւ ֆիքսել ամեն ինչ։
Գյուղապետը պատմեց նաեւ, որ Անդրանիկ Սահակյանի եղբայրն էլ է երկու տարի առաջ դժբախտ պատահարի հետեւանքով մահացել. ավազի տակ էր մնացել եւ մահացել։
«Անդրանիկն էլ վեց ամիս առաջ էր ամուսնացել»,- նշեց գյուղապետը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 21-ին Հարթաշենում հայր ու որդի մեքենայով գնացել են փայտի: Երբ որդին մեքենայով մոտեցել է, որ կուտակված փայտը լցնի մեքենայի թափքն ու վերադառնա հոր մոտ, այդ ընթացքում հայրը կրակոց է լսել, եւ երբ քայլել է դեպի մեքենան` նկատել է, որ որդին էլ օգնություն կանչելով իրեն է մոտենում: Հայրը տեսել է, որ նա հրազենային վնասվածք է ստացել, մինչ գրկել է ու փորձել օգնություն ցուցաբերել, որդին հոր գրկում մահացել է:
Դեպքով զբաղվում են իրավապահ մարմինները։



