Դանակահարություն Հրազդանում. ձերբակալվել է 39-ամյա տղամարդ
ОБЩЕСТВОՈստիկանության Հրազդանի բաժնում հունիսի 20-ին, ժամը 18.40-ին ահազանգ է ստացվել, որ Միկրոշրջան թաղամասում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունենում:
Նույն օրը, ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ մասի կտրած-ծակած թափանցիկ վերքով» իրենց մոտ է տեղափոխվել 1983 թ. ծնված Կարեն Ս.-ն, որն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ Կարեն Ս.-ին դանակով հարվածել և վնասվածք է պատճառել 1976 թ. ծնված Ռաֆիկ Ա.-ն, ով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 20-ին, ժամը 22.00-ին, մեղայականով ներկայացել է բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Միկրոշրջան թաղամասի շուկային հարող տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Կարեն Ս.-ին:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից և տեղեկացնում, որ դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Ռաֆիկ Ա.-ն ձերբակալվել է: Կատարվում է քննություն:



