Ո՞րն է ճիշտ՝ դեպի նե՞րս, թե՞ դուրս բացվող մուտքի դուռը
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՄենք գիտենք, որ...
Ի տարբերություն այլ երկրների, ԽՍՀՄ-ում շինարարական կանոններով նախատեսված էր, որ բնակարանների մուտքի դռները պետք է բացվեն դեպի ներս՝ բնակարան, իսկ այդպես էր նախատեսված նրա համար, որ ՊԱԿ-ի՝ КГБ-ի աշխատակիցներին հեշտ լիներ հարվածելով դուռը բացել:
Իրականում այդպես չէ:
Ներկայումս դժվար է ասել, թե կոնկրետ ինչ պատճառով է այդպես եղել, բայց հաստատ ոչ պետանվտանգության աշխատակիցների պատճառով:
Պարզ է, որ այն ժամանակ «ԿԳԲ»-ի դեմ խաղ չկար, և նրա առաջ չկային չբացվող կամ դժվար բացվող դռներ: Բանն այն է, որ նույնիսկ դեռևս ցարական Ռուսաստանում էր ընդունված, որ մուտքի դուռը պետք է բացվի դեպի ներս:
Ըստ երևույթին, սա հին ժամանակներից է գալիս: Ռուսաստանում, ինչպես գիտենք, լինում են խստաշունչ և ձյունառատ ձմեռներ: Հնում մարդիկ ապրում էին հյուղակներում, և դեպի դուրս բացվող մուտքի դռներ ունենալը վտանգավոր էր, քանի որ ձյան առատ տեղումների պատճառով դրանք կարող էին արգելափակվել ձյունով և դեպի դուրս դուռը չէր բացվի մինչև գարուն:
Հավանաբար ԽՍՀՄ-ի շինարարական կանոնները որոշելիս դռների դասավորության այս օրենքը ավտոմատ կերպով և առանց քննարկման փոխանցվել է նաև բազմաբնակարան շենքերի բնակարանների մուտքի դռներին:
Այս հարցում կան նաև այլ վարկածներ: Օրինակ՝ այն, որ խորհրդային շինարարությունում խիստ կարևոր էր տնտեսումը, այսինքն՝ ամեն ինչ կառուցվում էր այնպես, որ փոքր տարածքում քիչ գումար ծախսելով առավելագույն արդյունք ստանան:
Այնպես որ, որոշ բազմաբնակարաններ նախագծված էին այնպես, որ դեպի շքամուտք դռների բացման դեպքում դրանք կարող էին խանգարել միմյանց կամ մարդկանց, քանի որ դռները իրար շատ մոտ էին, իսկ միջանցքները՝ նեղ:
Կա նաև վարկած, որ դռները դեպի ներս բացվելը նախատեսված է արտակարգ իրավիճակներում (հրդեհ, շտապ օգնության կանչ և այլն) այն հարվածելով բացելու համար: Իրականում իրոք մեծ դժվարություններ են ծագում դեպի դուրս՝ շքամուտք բացվող դռները բացելը, օրինակ՝ հրդեհների ժամանակ: Մեկ այլ վարկածով, այս ամենը նախատեսված էր այն պատճառով, որ էվակուացիայի ժամանակ դեպի դուրս բացվող դռները կխանգարեն մարդկանց հոսքին:
Պատկերացրեք՝ միջանցքներում բացված բազմաթիվ բաց դռներ և մարդկանց հոսք: Նշենք, որ ըստ միջազգային շինարարական կանոնների, բնակարանների արտաքին դռները պետք է բացվեն դեպի դուրս, բացառությամբ հյուրանոցների սենյակների, քանի որ այս դեպքում բացված դռները խոչընդոտ են առաջանում միջանցքներում: Իսկ դռների դեպի դուրս բացվելու պատճառն այն է, որ հնարավոր լինի, օրինակ՝ հրդեհի դեպքում ներսից հարվածով բացել դուռը: Իհարկե, կապ ունի նաև այն, որ այդպես դժվարանում է, օրինակ՝ կողոպտիչների մուտքը բնակարան՝ դուռը հարվածով բացելով:
Այնպես չէ, որ արտասահմանում բոլորը դռները այդպես են տեղադրում. դեպի ներս բացվող դռներ կարելի է հանդիպել, այդպիսիք տեսած կլինեք նաև բազմաթիվ գեղարվեստական կինոնկարներում: Ի դեպ նշենք, որ Ռուսաստանում դռների տեղադրման ձևը ներկայումս չի փոխվել, ուղղակի եթե առաջ կար շինարարական օրենք, ապա այն հիմա ուղղակի ցուցումային բնույթ ունի և պարտադիր չէ, չնայած, ըստ հակահրդեհային անվտանգության օրենքի, արտաքին մուտքի դռները պետք է բացվեն դեպի ներս:
Իհարկե, դժվար է ասել, թե որն է ավելի ճիշտ՝ դեպի դուրս, թե ներս բացվող դուռը, ամեն ինչ երևի պետք է որոշել կոնկրետ դեպքում: Ուղղակի նշենք, որ 1990-ականների խառը ժամանակներում մարդիկ սկսեցին մասսայաբար դեպի ներս բացվող դռները փոխել դեպի դուրս բացվող մետաղյա դռներով՝ անվտանգության նկատառումներով, քանի որ այդպիսի դռները դժվար էր բացել դրսից կողոպտիչների, խուլիգանների և քրեական այլ տարրերի կողմից:
Ներկայումս ժամանակակից արտադրողները արտադրում են նաև դեպի ներս բացվող այնպիսի դռներ, որ անհնար է դրանք կոտրել կամ բացել, այնպես որ, այժմ արդեն դռան բացվելու ձևն ուղղակի ճաշակի խնդիր է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը




















































