Նոր բնակարանների բանալիներ են հանձնվել վթարային շենքերում բնակվող ևս 8 ընտանիքների
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Սիսակյան 3 և Բաղրամյան 4-րդ նրբանցք 15 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում բնակվող թվով 8 ընտանիքների հանձնել է նորակառույց շենքերում բնակարան հատկացնելու մասին Երևանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները:
Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սիսակյան 3 հասցեի չորրորդ կարգի վթարային հանրակացարանային շենքում դեռ բնակվող 3 ընտանիք կվերաբնակեցվի Սիսակյան 16 շենքում, իսկ Բաղրամյան 4-րդ նրբանցք 15 հասցեի չորրորդ կարգի վթարային շենքի 5 ընտանիք կվերաբնակեցվի Շինարարների 15 հասցեում գտնվող նորակառույցում: Նոր բնակարանների բանալիներ ստացած քաղաքացիները շնորհակալություն են հայտնել քաղաքային իշխանություններին տարիներ շարունակ անլուծելի թվացող բնակարանային խնդրին լուծում տալու համար և նշել են, որ նոր բնակարաններ ունենալն իրենց համար երազանք էր, որն այսօր իրականություն դարձավ:



