Հայտնի է մանկավարժական համալսարանի լավագույն ուսանողը
ОБЩЕСТВОԽ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել «Լավագույն ուսանող» մենամյա մրցանակաբաշխությունը։ Ինչպես«Արմենպրես» -ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ ԳալուսÕ ¿ Սահակյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, դասախոսներ, ուսանողներ։ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու բուհի ուսանողական խորհուրդը։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, դիմելով ներկաներին, նշել է, որ մեր ապագան առողջ ձեռքերում է, մենք ունենք ոգեղեն երիտասարդություն, ովքեր կարողանում են հզորացնել ու ամրապնդել մեր երկիրը։ «Կրթությամբ լուծվում է ազգային անվտանգության խնդիրը, երիտասարդներով պաշտպանվում է մեր երկրի անվտանգությունը։ Կրթությունը և բանակը Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովող գործոններն են»,- ասել է խորհրդարանի նախագահը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, շնորհավորելով Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ, նշել է, որ դժվար թե աշխարհում գտնվի մի երկիր, որտեղ երկու շաբաթ շարունակ նշվում են այս տոները՝ ընդգրկելով երիտասարդների լայն շրջանակ։ Նա ընդգծել է, որ հատկապես մանկավարժական համալսարանում սովորողներն ուսանողական կյանքը Հայաստանում դարձնում են ավելի հետաքրքիր։
Տոնական ցերեկույթի ընթացքում պարգևատրվել են բուհի ֆակուլտետների լավագույն ուսանողները, իսկ մանկավարժական համալսարանի 2015թ. լավագույն ուսանող է ճանաչվել կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Գրիգոր Կորկոտյանը։
Գրիգոր Կորկոտյանը, խոսելով լավագույն ուսանողի կերպարի մասին, նշել է, որ նա առաջին հերթին պետք է բացարձակ գրազանց առաջադիմություն ունենա, նաև՝ ձգտում լինել հասարակությանը պիտանի, ձևակերպի իր նպատակները և տարբեր ոլորտներում ինքնադրսևորվելով՝ կարողանա օգտակար լինել շրջապատին։ «Լավագույն ուսանողը պետք է կյանքի ծարավ լինի, կենսուրախ, սիրի մարդկանց, իր մասնագիտությունը»,- ասել է Գրիգորը, ով որպես մրցանակ ստացավ Իսպանիայի ուղեգիր։
Միջոցառումը շարունակվել է երաժշտական կատարումներով. ելույթ ունեցան Սոնա Շահգելդյանը, Սոնա Ռուբենյանը, Ռուզան Ավետիքյանը, Վարդան Բադալյանը և այլք։
Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը տեղեկացրել է, որ «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունն ամենամյա է։ Ընտրությունը տեղի է ունենում ըստ հաստատված կանոնակարգի, և հիմք են ընդունվում մի շարք չափանիշներ՝ առաջադիմություն, հասարակական ակտիվություն և այլն։



