Երևանի Հարավ-արևմտյան թաղամասում բացվեց «Հայաստան» կինոթատրոնը (լուսանկարներ)
КУЛЬТУРА
Tert.am- գրում է.
Խորհրդային Հայաստանում վերջին կառուցված կինոթատրոնը՝ «Հայաստանը» այսօր վերաբացվեց. բացմանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և մի շարք այլ պաշտոնյաներ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց կինոթատրոնի տնօրեն Էմիլիա Հարությունյանը, կինոթատրոնը բացառիկ է Հայաստանում, քանի որ համաշխարհային կինոցանցի անդամ է:
«Մենք լիարժեք կարող ենք մրցել բոլոր լավագույն կինոթատրոնների հետ, քանի որ ունենք սերվերային տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս կինոպրեմիերաները դիտել Հայաստանում այն ժամանակ, երբ տեղի է ունենում Լոնդոնում, Փարիզում և այլ քաղաքներում: Միաժամանակ պահպանվելու են հեղինակային բոլոր իրավունքները»,-ասաց նա և ընդգծելով, որ կինոթատրոնն ունի հզոր, ժամանակակից տեխնիկա:
Կինոթատրոնի տնօրենը նշեց, որ «Հայաստան» կինոթատրոնը պատկանում է «Արմենակոբ» ՍՊԸ-ին, որի նախկին սեփականատերն էր Արմեն Ամիրյանը, իսկ ներկայումս խորհրդատուն է:
Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սովետական Միության փլուզումից հետո կինոթատրոնը պարապուրդի էր մատնվել, որովհետև չկար ներդրումների հնարավորություն:
«Մենք փորձեցինք սպասել այնքան ժամանակ մինչև կհայտնվեն այն ներդրողները, որոնք պատրաստ կլինեն հենց մշակութային կենտրոն կառուցելու: Այսօր ինձ համար բացառիկ օր է, որ կինոթատրոնը այսօր վերաբացվում է հենց որպես կինոթատրոն և հենց «Հայաստան» անվանմամբ»,-ասաց նա և վստահեցրեց, որ առաջիկա տարիների ընթացքում կինոթատրոնին իր տեխնիկայով ոչինչ չի կարող գերազանցել:
Բացմանը ներկա էր նաև Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը: Նա շնորհակալություն հայտնեց Արմեն Ամիրյանին՝ շենքը ժամանակին օրինակ՝ մեքենաների սրահ չդարձնելու համար:
«Արմեն Ամիրյանը մի անգամ ասաց՝ կգա ժամանակ ու այս շենքը կգործի որպես կինոթատրոն, և այդպես էլ եղավ: Շնորհակալություն ներդրողներին, որովհետև կինոթատրոնից օգուտ ստանալ գրեթե չկա, բայց ապրեն նրանք, որ ներդրումներ են արել»,-ասաց նա ու հիշեցրեց, որ Հայաստանում առաջին անգամ կինոթատրոն բացվել է ուղիղ 106 տարի առաջ:
Նշենք, որ կինոթատրոնը ունի երեք սրահ՝ մեծ դահլիճ, որն ունի 400 նստատեղ և էկրանի չափսերն են 6:11 մ , երկրորդ սրահն ունի 150 նստատեղ՝ 5:8 մ էկրան, երրորդում՝ VIP-ում, տեղադրված են 30 բազկաթոռներ, իսկ էկրանի չափսերն են 3:5 մ:
Ինչպես նշեց կինոթատրոնի տնօրենը՝ տոմսերի արժեքը սկսվելու է 1000 դրամից:
Նշենք, որ կենտրոնը նաև բազմաֆունկցիոնալ է, այստեղ գործում են նաև խաղային ատրակցիոններ, բոուլինգ, ինչպես նաև սննդի կետեր:
Տեղեկացնենք, որ կինոթատրոնի շենքի վերանորոգման աշխատանքները իրականացվել են երկու տարի և ներդրվել է շուրջ 8 մլն դոլար:




















































