Տավուշում մտադիր են ընդլայնել անասնաբուծական ֆերմաները և պանրի արտադրությունը
ОБЩЕСТВОՓարիզի արևմտյան արվարձաններում գտնվող Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդը թիրախավորված զարգացման ծրագրեր է իրականացնում աշխարհի մի քանի երկրում՝ Հայաստան, Բենին, Կամբոջա, Հաիթի, նպատակ ունենալով պայքարել աղքատության և սովի դեմ։ 2008 թվականից սկսած Օ դը Սեն դեպարտամենտը աջակցում է Տավուշի մարզի անասնապահական ոլորտի զարգացմանը՝ Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի միջոցով։ Ավելի քան 4,2 մլն եվրո ներդրումներ են իրականացվել, Իջևանի հյուսիսում գտնվող 20 համայնքների մոտ 25,000 շահառու է ներգրավված այս ծրագրում։
Օրերս Տավուշի մարզում անցկացվող ներդրումային համաժողովին մասնակցում էր Ֆրանսիայի հայկական հիմնադրամի փոխ ն ա խ ա գահ Մի շել Փա զու մյա ն ը : «Փաստն» առիթը բաց չթողեց նրա հետ զրուցելու և պարզելու, թե ինչ գործունեություն է դեպարտամենտն իրականացնում Տավուշում:
«Ես Ֆրանսիայի հայկական հիմնադրամի փոխնախագահն եմ: Մեր գործընկերն է Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդը, որի նախագահը Պատրիկ Դեվեջյանն է: 10 տարի է՝ աշխատում ենք Տավուշում: Մեծ ֆերմա ունենք Լուսաձորում, որտեղ ընդհանուր հաշվով կա 240 կով, այդ թվում՝ հորթեր, և պանրի գործարան: Ֆրանսիայից մասնագետներ ենք հրավիրում Հայաստան, որպեսզի կամաց-կամաց փոխենք հայկական պանիրների տեսակները, «աղը հանենք»: Մեր որակյալ պանիրն այսօր վաճառվում է Մոսկվայում՝ մեծ խանութներում:
Հիմա ընդլայնում ենք մեր ֆերման. մինչև հաջորդ տարի պետք է ունենանք 200 կով, որոնք ամեն օր պետք է կաթ տան: Հույս ունենք, որ մինչև 8 տոննա կաթ ամեն ամիս կարտահանենք», - ասում է Փազումյանը:
Նա նշում է, որ արոտները շատ լավն են, բայց ճանապարհները՝ ոչ: «Պարոն Դեվեջյանի հետ մտածում ենք ճանապարհները բարեկարգելու մասին, որպեսզի և՛ մենք օգտվենք, և արոտների շուրջ գտնվող գյուղերի բնակիչները: Ներկա պահին 20 աշխատող ֆերման ունի, 5-ը՝ պանրի գործարանը: Մենք աշխատում ենք ոչ միայն մեր, այլ գյուղերի համար: Օրինակ, լավ, յուղոտ կաթ ունենալու համար պետք է լավ ուտելիք տանք կովերին:
Մենք պայմանագիր ենք կնքում գյուղացիների հետ, ասում ենք՝ մշակեք հողը, որակյալ սերմեր ենք տալիս նրանց, որ ցանեն, հետո նրանցից գնում խոտը:
Շուրջ 800 մարդ ընդգրկված է նաև այս գործում», - նշում է հայկական հիմնադրամի փոխնախագահը: Նա ընդգծում է, որ իրենց հիմնադրամը շատ է օգնում Արցախին: «Մենք չցանկացանք շեշտադրումը դնել միայն շենք-շինությունների, հիվանդանոցների, դպրոցների կառուցման վրա, ցանկացանք աշխատատեղեր ստեղծել: Ֆրանսիան հետաքրքիր երկիր է, օրինակ, իրենք համայնքային բյուջեի մեկ տոկոսը պետք է ներդնեն աֆրիկյան երկրներում: Մենք որպես հայեր ջանում ենք միջոցներ բերել Հայաստան», - հավելում է մեր զրուցակիցը:
Միշել Փազումյանը բացասական պատասխան է տալիս հարցին՝ հնարավո՞ր է այլ համայնքներում էլ իրենք նման գործունեություն ծավալեն:
«Մենք նման գործունեություն ծավալելու ենք միայն Տավուշում, քանի որ մտադրություն ունենք ամեն տարի ընդլայնել մեր աշխատանքները, նորից ներդրումներ կատարել: Մտադրություն ունենք մսի ֆերմա հիմնել Տավուշում, Լուսաձոր համայնքում էլ՝ ագրոդպրոց», - ընդգծում է Փազումյանը՝ հավելելով, որ մոտ ժամանակները մտադիր են հանդիպումներ կազմակերպել ֆրանսիացի պատգամավորների, գործարարների հետ և վերջիններիս հետ գալ Տավուշ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և հասկանալ՝ հնարավոր կլինի՞ ապագայում նաև մսի արտահանմամբ զբաղվել:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ



