Արագաչափեր. իրականում ի՞նչ նպատակ ունեն դրանք
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՄենք գիտենք, որ...
Արագաչափերը նպատակ ունեն նվազեցնել ավտոմեքենաների արագությունը և ստեղծվել են ճանապարհներին ավտոմեքենաների արագության գերազանցումները արձանագրելու և հնարավորինս կանխելու համար։
Իրականում այդպես չէ։
Ի սկզբանե արագաչափերը բացարձակ հակառակ նպատակ էին հետապնդում։ Դրանց նպատակն էր արագացնել մեքենայի ընթացքը և թույլ չտալ արագության անկում։ Արագաչափը հայտնագործել է հոլանդացի ինժեներ Մորիս Գոտսոնիդեսը (1911–1998)։ Բանն այն է, որ նրան հնրարավոր չէ համարել անվտանգ երթևեկության համար պայքարի առաջամարտիկ, նա հանդիսանում էր Եվրոպայի առաջին պրոֆեսիոնալ ավտոարշավորդը։ Նրա կարիերայի գագաթնակետը եղել է Մոնտե Կառլոյի ավտոմրցույթի հաղթող դառնալը, երբ նա իր «Ֆորդ Զեֆիրայով» գրավեց առաջին տեղը՝ ամբողջ երեք վայրկյանով առաջ անցնելով երկրորդ տեղը գրաված ավտոարշավորդից։
Ներկայումս այնքան հանրահայտ և վարորդների համար ատելի արագաչափը Գոտսոնիդեսը ստեղծեց այն պատճառով, որ ցանկանում էր իր մեքենայի արագությունը ավելացնել շրջադարձերում։ Առաջին «արագաչափը» իրենից ներկայացնում էր ճանապարհին ուղղահայաց ձգված երկու ռետինե ժապավեններ, որոնք արձագանքում էին անվադողերի ճնշմանը։ Երբ մեքենայի անիվները անցնում էին առաջին ժապավենի վրայով, միանում էր վայրկյանացույցը, իսկ երկրորդով անցնելիս անջատվում։ Արդյունքում սա ճշգրտորեն ֆիքսում էր մեքենայի արագությունը, իսկ ավտոարշավորդի նպատակն էր, որ կրճատի առաջին ժապավենից երկրորդին անցնելու ժամանակահատվածը։
Ավելի ուշ Գոտսոնիդեսը կատարելագործեց իր սարքը՝ ժապավեններին ավելացնելով լուսանկարչական ապարատ ֆոտոլույսով։ Լուսանկարը ցույց էր տալիս, թե էլ ինչքան կարելի է ավելացնել արագությունը այդ շրջադարձի հատվածում՝ այն անցնելով տարբեր հետագծերով։ Սա էլ քիչ էր, հանկարծ Գոտսոնիդեսի ուղեղ մտավ այն միտքը, որ կարելի է ֆոտոապարատը այսկերպ օգտագործել ճանապարհներին մեծ արագություններ զարգացնելու սիրահար ավտոսիրողներին որսալու համար։ 1958 թվականին նա հիմնադրեց «Gatsometer BV» ընկերությունը և հաջորդ 20 տարիներին կատարելագործեց իր հայտնագործած արագաչափը։
Արդյունքում 1971 թվականին ռետինե ժապավենները փոխարինվեցին ռադարային ճառագայթով։ Ներկայումս այդ ընկերության ստեղծած «Гатсо 24»-երը տեղադրված են ավելի քան 40 երկրների ավտոճանապարհներին։ Մեծ Բրիտանիայում առաջին «Գատսոն» տեղադրվել է 1988 թվականին Նոտինհեմում՝ խաչմերուկներից մեկում արձանագրված ցավալի ճանապարհատրանսպորտային պատահարից հետո, ինչը դարձել էր երեք մարդու մահվան պատճառ։ Ներկայումս Բրիտանիան առաջատարն է եվրոպական երկրներում արագաչափերի քանակով. դրանց թիվը գերազանցում է, օրինակ՝ Ֆրանսիայում և Իտալիայում տեղադրված արագաչափերի գումարային թվին։ Իսկ արդյո՞ք արագաչափերը օգուտ են տալիս։
Մեծ Բրիտանիայի օրինակով ասենք, որ, ըստ վիճակագրության, տրանսպորտային հոսքերի ընդհանուր միջին արագությունը արագաչափեր տեղադրված հատվածներում անկում է ապրում 6 %-ով, իսկ լուրջ ՃՏՊ-ների դեպքում մահերի և ծանր վնասվածք ստացածների թիվը՝ 42 %-ով։ Իրականում պետք է ընդունել, որ ՃՏՊ-ների առաջացման գործում խիստ կարևոր պահերից մեկն էլ հենց արագության գերազանցումն է։
Այն, որ արագաչափերը վարորդները չեն սիրում, նորություն չէ։ Անգամ 1905 թվականին ստեղծված ավտոսիրողների առաջին միության հիմնական նպատակն էր օգնել վարորդներին՝ խուսափել ոստիկանական դարանակալումներից, որոնք ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա վարորդները համարում են ընդամենը փող կորզելու գործողություն։ Չկա վարորդ, որը երբեք չի գերազանցել մեքենայի արագությունը։ Անգամ ինքը՝ արագաչափի տխրահռչակ ստեղծող Գոտսոնիդեսը, ասում էր, որ ինքը ևս հաճախ է «նկարվում» իր իսկ սարքերի կողմից և ամեն տարի բավականին կլորիկ գումար մուծում դրա հետևանքով։ Ինչ արած, չմոռանանք, որ նա ժամանակին ավտոարշավորդ է եղել և սիրել է արագությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը




















































