Արարատ Միրզոյանը Վյաչեսլավ Վոլոդինի հետ քննարկել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունները
ОБЩЕСТВО
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Բիշքեկում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շեշտել է, որ ռազմաքաղաքական դաշինքում գտնվելը ենթադրում է վստահության հատուկ մակարդակ և ՀԱՊԿ ԽՎ խորհրդի առաջիկա նիստը հնարավորություն կընձեռի հանգամանալի անդրադառնալու օրակարգային բոլոր հարցերին:
Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունն էլ ավելի զարգացնելու հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունները, ինչին միանշանակորեն կնպաստեն խորհրդարանների ղեկավարների պարբերական շփումները:
Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է 2019թ. աշնանը Երևանում հյուրընկալելու ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստերը:
Այնուհետ անդրադարձ է կատարվել ՌԴ-ում բնակվող հայ համայնքին, որը մեծապես նպաստում է երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը: Կողմերը փաստել են, որ երկու ժողովուրդների առջև պատասխանատվությունը պետք է դրդի խորհրդարանականներին էլ ավելի ընդլայնելու երկկողմ հարաբերությունների խորացման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը:



