Եղեգնաձորի հայտնի միջադեպի տեսանյութը չի հրապարակվում հայհոյանքների պատճառով․ Վայոց ձորի մարզպետ
ОБЩЕСТВО
Բացասական եմ գնահատում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի եւ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը։
Նա հայտնեց, որ Գլխավոր դատախազությունը գործն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն, իսկ գնահատական տալու մասին հարցին մարզպետն արձագանքեց. «Արդեն քաղաքական գնահատականները տրվել են, սպասենք իրավական գնահատականին»։
Հարցին՝ իսկապես միջադեպը տեսաձայնագրվել է, եւ արդյոք մարզպետը տեսել է այն, նա ասաց, որ տեսանյութ իսկապես կա, ինքը տեսել է, իսկ հարցին, թե ինչու չի հրապարակվում, մարզպետն ենթադրեց, որ հայհոյանքներն են չհանրայնացնելու պատճառը. «Հայհոյանքներ են լսվում, դա է երեւի պատճառը, որ չի հրապարակվում այն։ Սեփականատերը թող ինքը որոշի»։
Հարցին՝ փոխմարզպետը ծառայողական քննություն անցնելու է կամ նկատողություն նրան տրվելու է, Տրդատ Սարգսյանը պատասխանեց. «Փոխմարզպետը գնացել է ալկոհոլի թեստ հանձնելու, բայց ես վստահ եմ, որ ալկոհոլ չի օգտագործել այդ օրը, որովհետեւ ամբողջ օրն ինձ հետ է եղել։ Ինչի՞ համար նկատողություն տամ, եթե որեւէ հանցավոր բան չի արել, նա շարունակելու է պաշտոնավարել»։



