Ապրիլյան պատերազմում զոհված հերոսի հայրն աշխատանք է փնտրում, որպեսզի կարողանա փոքրիկ որդուն մեծացնել
ОБЩЕСТВОIrakanum.am-ը գրում է.
Ապրիլյան պատերազմի ակտիվ մասնակից, 2016 թվականի օգոստոսի 3-ին զինծառայության ժամանակ ականի պայթյունից զոհված, հինգ զինվորի կյանք փրկած Գևորգ Հարությունյանի ընտանիքում այժմ մեծանում է հերոսի եղբայրը՝ փոքրիկ Գևորգը։ Նա ծնվել է եղբոր մահից հետո՝ 2017 թվականի հունիսի 11-ին։ Փոքրիկի շնորհիվ ծնողներն ապրելու ուժ են վերագտել։ Հերոս Գևորգ Հարությունյանի մայրը՝ Անահիտ Վանյանը նշում է՝ փոքրիկ Գևորգը շատ նման է իր ավագ եղբորը։ «Գևորգը ինձ միշտ ասում էր՝ քեզ թագուհու պես եմ պահելու։ Եվ այդպես էլ անում էր։ Նա խոհարար էր, ռեստորանում էր աշխատում, մեզ պահում էր։ Հոգատար, ջերմ, բարի տղա էր։ Նա ինձ համար մահացած չէ։ Ես նրա ներկայությունը միշտ զգում եմ։ Մեր փոքրիկ Գևորգն էլ շուտով երկու տարեկան կդառնա։ Պատկերացրե՛ք՝ դեռ երկու տարեկան չկա, բայց շատ հասկացող է, ժպտերես, ուրախ երեխա է։ Միշտ նայում է եղբոր նկարներին, կարծես խոսում է նրա հետ։ Երբեք նկարները վայր չի գցում, վնաս չի տալիս, մեզ ոչ մի նեղություն չի տալիս․ շատ հասկացող բալիկ է», – Irakanum.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց տիկին Անահիտը։

Նա նշեց՝ ցավալի է, բայց զոհված զինվորների ընտանիքները պատշաճ ուշադրության չեն արժանանում իշխանությունների կողմից։ «Որդիս կրտսեր սերժանտ էր, ջոկի հրամանատար։ Բանակում որդուս Կլոր էին ասում։ Նա բոլորի համար եղբայր է եղել։ Ծառայակից ընկերները պատմում են, որ Գևորգը թույլ չէր տալիս, որ զինվորները մեկը մյուսին նեղացի, վիրավորի։ Հրաշք, լուսավոր տղա էր։ Ես քաջ, հերոս որդի դաստիարակեմ, իմ որդին իր կյանքը տա հանուն իր ծառակից ընկերների, հանուն հայրենիքի, որ այսօր անգամ չնչին ուշադրության չարժանանա՞նք։ Ցավով պետք է նշեմ, որ Ասկերանում՝ Աղդամում ծառայող որդուս հրամանատարական կազմն էլ ուշադրություն, հոգատարություն չի ցուցաբերել մեր նկատմամբ։ Վերջին անգամ, երբ զորամաս գնացինք՝ խաչքարի բացման արարողությանը մասնակցելու, դարձյալ սառը, անտարբեր վերաբերմունք ցուցաբերեցին», – պատմեց հերոս մայրը՝ տիկին Անահիտը։




