Պիջակ, մեծ պայուսակ, մարզակոշիկ, բարակ գոտի. 2019–ի գլխավոր թրենդներն ու հակաթրենդները` ըստ Արփինե Կոշտոյանի
ЛАЙФՄոդելավորող Արփինե Կոշտոյանն սոցցանցերում իր հետևորդներին հաճախ է պատմում նորաձևության միտումների մասին ու պատասխանում հագուստի համադրություններին առնչվող հարցերին։ Այս անգամ նա իր խորհուրդներով կիսվել է Tert.am Life-ի ընթերցողների հետ։
Մոդելավորողն իր աշխատանքում կիրառում է այն ճշմարտությունը, որ ցանկացած հագուստ արտահայտում է մարդու ներաշխարհը. պետք է այնպես հագնվել, որ մարդիկ միանգամից հասկանան` ինչպիսին է այն կրողը՝ ներքուստ. «Նորաձևությունը նաև հոգեբանություն է, պետք է ուշադիր լինել դրա գերին չդառնալու համար։ Կարծում եմ` պարզ հագնվելը որոշ չափով վտանգավոր է, որովհետև դիմացինի ուշադրությունը կենտրոնանում ոչ թե հագուստին, այլ մարդու շարժուձևին, խոսքին, պահվածքին»։
Արփինեն մի քանի խորհուրդ է դալիս, որոնք կարող են օգտակար լինել գնումների գնալիս։ «Պետք է հագուստը գնել մտածված՝ իմանալով, թե ինչի հետ ես համադրելու, պահարանումդ ունե՞ս գոնե մի քանի իր, որոնց հետ կարող ես համադրել։ Պարտադիր չէ թանկ կամ հագուստի մեծ տեսականի ունենալ հետաքրքիր տեսք ապահովելու համար։ Պարզ ու մինիմալիստական հագուստը միշտ թրենդային է և հնարավորություն է տալիս ստեղծագործել»,- ասաց Արփինեն` ընթերցողներին առաջարկելով հետևել, օրինակ, Վիկտորյա Բեքհեմին։ Վերջինս, ըստ Արփինեի, իդեալական է համադրությունների հարցում։
Մոդելավորողի խոսքով համաշխարհային նորաձևությունն այս տարի թելադրել է ավելի քան 30 թրենդ, որոնց թվում են պիթոնի և վագրի նախշերը։ Միաժամանակ նա հիշեցնում է, որ սա չի նշանակում, թե պետք է հետևել բոլորին, կարելի է անել, ինչպես օրինակ, Վիկտորյա Բեքհեմը, որն ամբողջությամբ սև հագուստը համադրում է վագրային նախշերով փոքրիկ պայուսակի հետ։ Արփինեն շեշտեց, որ թրենդային այդ նախշը պետք չէ դարձնել հագուստի հիմնական մաս՝ միանգամից ընտրելով պիթոնի նախշերով ձեռնոց, գլխարկ, շարֆ։
Շարունակելով խոսել այս տարվա հիմնական թրենդների և պահարանի պարտադիր իրերի մասին՝ Արփինեն ասաց, որ կոստյումները, մեծ պայուսակը, մարզակոշիկներն ու բարակ գոտիններն ակտուալ են։ Ըստ նրա` աղջիկներն այս տարի, անպայման, պետք է գնեն պիջակ, որը հնարավոր է համադրել պահարանում գրեթե ամեն ինչի հետ և ստանալ տարբեր look–եր օրվա տարբեր ժամերի համար։
Նորաձևության թրենդները հաճախ են դառնում հակաթրենդ, օրինակ, եթե նախորդ տարի կորսետանման գոտիները թրենդային էին, այս տարի դարձել են հակաթրենդ։
Դիզայները նկատեց, որ տարվա այս սեզոնին շատ աղջիկներ իրեն դիմում են ավարտական երեկույթի զգեստի համար։ Արփինեն ոչ միայն կարում է զգեստները, այլև խորհուրդ տալիս, թե ինչ կարելի է ընտրել։ Խորհրդատվությունը նրա աշխատանքի անբաժանելի մասն է։




















































