ՀՀ ժողովրդից և պետությունից թալանված փողերը կոպեկ առ կոպեկ վերադարձվելու են բյուջե. ծավալները և տեմպը ինձ չեն գոհացում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
ОБЩЕСТВОԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «ԼՀԿ» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցն ուղղված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշեց, որ հեղափոխությանը հաջորդած շուրջ 10 ամիսներին քաղաքացիները սպասում էին, որ նախկին իշխանությունների հետ ասոցացվող օլիգարխների և պաշտոնյաների ավելի լայն շրջանակներ պետք է կանգնեն դատարանների առաջ, բայց պատկան մարմինները կոնկրետ մի քանի անուն են շրջանառում և կենտրոնացած են մի քանի անձանց վրա:
Նա նշեց, որ այդ անձանցից մի քանիսն էլ պետությանը վճարել են կամայական գումարներ և ազատվել պատասխանատվությունից, կամ էլ նրանց խափանման միջոցն է փոխվել, առանց թափանցիկության:
«Ինչո՞ւ եք մինչև հիմա տեղի ունեցած դեպքերը հանրությունից գաղտնի պահում և արդարադատական կարգով նման բռնագանձումների պրակտիկան ինչքանո՞վ է տեղին»,-ասաց նա:
Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ հայտնի չէ դեպք, որ մարդը վճարում անի ու ազատվի պատասխանատվությունից: «Ինձ տրամաբանական չի թվում հարցը, մինչև հիմա քանի՞ հոգի էր պլանավորած, որ պետք է դատի տալ, և քանի հոգու են դատել. պլանն ինչքանով է թերակատարվել, գուցե կոնկրետ պատասխանեմ»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ այդ շրջանակի ոչ մի մարդ, ում մեղավորությունը կապացուցվի ՀՀ օրենսդրության սահմանված կարգով, որևէ մեկը պատասխանատվությունից չի խուսափի. «Բացառվում է՝ կուլիսային գործարքներ տեղի ունենան»,- ասաց նա:
Բացի դրանից, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քրեական դատավարությունը նախաքննական փուլում որևէ երկրում հրապարակային տեղի չի ունենում, դատաքննություներն են հրապարակային: Եվ կան տեղեր, որտեղ օրենսդրությունը նախատեսում է, պատճառած վնասի հատուցման դեպքում քրեական գործը կարճվում է, և այստեղ հայեցողություն չկա, կա, որ քննիչը, դատախազը որոշակի հայեցողության շրջանակ ունենան, ինչը նախատեսված է օրենքով»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ ինքն այն իրավապահ մարմիններին, որոնց հետ աշխատանքը լիազորությունների շրջանակում է, ասել է, որ եղած ծավալները և տեմպը իրեն չեն գոհացնում:
«Կարող է իրոք այդպիսի տպավորություն ստեղծվել, որ հեղափոխություն էր, ասացինք, խոսեցինք և հիմա բոլորս անցնում ենք հին գործերին: Ասել եմ, որ հարցեր ունեմ այդ կապակցությամբ մեր իրավապահ մարմիններին, և այդ հարցերը եթե ոչ ամենօրյա, ամենշաբաթյա ռեժիմով տալիս եմ, բայց մյուս կողմից ինքս ինձ սահմանափակում եմ և հասկանում եմ, որ ՀՀ վարչապետ եմ, քննիչ չեմ, դատավոր չեմ, դատախազ չեմ, օպերատիվ ծառայող չեմ և այլն: Բայց ինչպես նախկինում ասել եմ, ՀՀ ժողովրդից և պետությունից թալանված փողերը կոպեկ առ կոպեկ վերադարձվելու են ՀՀ բյուջե»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ որոշ դեպքերում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով արվել են ինչ-որ առաջարկներ, որոնք կապված չեն եղել պատասխանատվությունից խուսափելու հետ:



