Աճեցրեցին ԻՊ-ն Ասադի դեմ, իսկ այն շեղվեց իր ուղղությունից. Լևոն Շիրինյանը՝ Փարիզի ահաբեկչության մասին
ИНТЕРВЬЮ
Երեկ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է շուրջ 150 մարդ: Past.am-ը քաղաքագետ Լևոն Շիրինյանից փորձեց ճշտել՝ ինչի՞ հետևանք էր այս ահաբեկչությունն ու ի՞նչ ուղերձ էր այն իր մեջ պարունակում:
Քաղաքագետն ասաց, որ դա նույն ուղերձն է, ինչ անում են ադրբեջանցիները մեր սահմանների նկատմամբ՝ թշնամանք և պատերազմ: Պարոն Շիրինյանի խոսքով՝ահաբեկչությունը պատերազմի տեսակ է:
«Տաքացրեցին և պահեցին այդ «Իսլամական պետություն» կոչված «կենդանուն», հիմա այն իրենց է վնասում: Շատ ցավալի էր այս դեպքը, բայց 2-3 տարի է՝ Ֆրանսիան և այլ գերտերություններ Մերձավոր և Միջին արևելքը խառնեցին իրար: Իսկ այսօր բոլորը ներկայանում են որպես քաղաքակիրթ պետություններ: Հասունացրեցին այդ խմբավորումն Ասադի դեմ, իսկ այն շեղվեց իր ուղղությունից:
Ես ժամանակին ասել եմ, որ Ասադը շատ պինդ և ուժեղ մարդ է: Հիմա ԻՊ-ն իրենց դեմ է աշխատում: Մնացածը գաղտնի ծառայությունները կիմանան: Կրակը գցել էին Մերձավոր արևելք, հիմա այն իրենց տան մեջ է բոցավառվում,- նշեց Լևոն Շիրինյանը:
Քաղաքագետի պնդմամբ՝ նույնը մեր կողքին և մեր մեջ ամեն օր է տեղի ունենում: «Մեր սահմանին գրեթե ամեն շաբաթ զինվորներ են զոհվում: Դա նույն այլանդակությունն է, ես կասեի՝ ավելի մեծ այլանդակություն, որովհետև ադրբեջանական ահաբեկչական գործողությունները տեղի են ունենում խոշոր պետությունների թողտվությամբ: Մեր տանն ամեն օր է այս կռիվը»,- փաստեց քաղաքագետը՝ հավելելով, որ Ասադը հետաքրքիր բացատրություն տվեց՝ « դուք այսօր ապրեցիք այն, ինչի միջով մենք անցնում ենք 5 տարի շարունակ»:
Ըստ Շիրինյանի՝ իսլամիստների «բունը» Թուրքիան է և այսօր այդ պետությունը հովանավորում է նրանց: «Թուրքիան նաև հովանավորում է Ադրբեջանին: Փաստորեն, այդ կենդանին՝ հիդրան, Թուրքիայում է: Հիդրայի գլուխներից մեկը Կովկասյան ճակատի համար է՝ մեր դեմ, մյուսը՝ սիրիական պետության դեմ: Ժամանակին կարող է ապացուցվել, որ Թուրքիայի մատը խառն է» ,- ասաց մեր զրուցակիցը:
Պարոն Շիրինյանն ընդգծեց, որ ահաբեկչությունից վախեցող այս աշխարհը պետք է շահագրգիռ լինի, որ հայկական թևն ուժեղանա, որպեսզի ջարդի թուրք-ադրբեջանական հիդրայի գլուխը: «Նույն իսլամական տեռորն է, տարբերություն չկա, եթե, իհարկե, իսլամական տեռոր է»,- խոսքը եզրափակեց Լևոն Շիրինյանը:
Լևոն Փանոսյան




















































