Եթե այդքան անկարեւոր է, ինչո՞ւ եք չեղած բանի վերաբերյալ այսքան խոսում. Ալեն Սիմոնյանը՝ օրհներգի փոփոխության մասին
ОБЩЕСТВОԼսեք, հերիք է օրհներգ քննարկեք, բավական է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Եթե այդ թեման այդքան անհետաքրքիր է, այդքան անկարեւոր է, ապա ինչո՞ւ եք չեղած բանի վերաբերյալ այսքան խոսում, խոսում, խոսում․․․ Ինձ եք ասում՝ կարեւոր գործ չկա՞։ Ես ամեն օր առավոտյան ժամը 9-ից աշխատում եմ, դուք հա գրում, գրում, գրում եք այդ «անկարեւոր» թեմայի մասին, որը ոչ օրենսդրական նախաձեռնություն է, ոչ դրա միտումն ունի։ Թե՞ ինչ-որ մեկին թվում է, որ այս վայրահաչոցները բան են փոխելու, ձեզ թերագնահատում եք, ինձ լավ չեք ճանաչում։
Իսկ հիմա, ուշադիր, ասում եմ վերջին անգամ, հավաքվեք մի տեղ բոլորով ու ուշադիր լսեք․ Ինձ հայրենասիրություն չսովորեցնեք, ես 20 տարեկանում համալսարանից հետո իմ դիմումի համաձայն գնացել եմ ծառայելու ՀՀ ԶՈՒ, չեմ արտագաղթել՝ լինելով ապահովված եւ արտագաղթելու տասնյակ հնարավորություններով մնացել եմ եւ կյանքս, ազատությունս վտանգի տակ դնելով՝ պայքարել եմ իմ երկրի համար եւ իմ ընկերների հետ հաջողություն գրանցել։
Եվ ուրեմն Արամ Խաչատրյանի հայկական երաժշտությունն ունենալու է տեքստ, այն նվագվելու է եւ կյանք է ունենալու։ Այն հնչելու է Հայաստանի Հանրապետությունում եւ հայ մարդը ունենալու է այդ տարբերակը, թեկուզ՝ ոչ պետական։ Քանզի ես երբեք չեմ ասել, որ նման օրենսդրական նախաձեռնությամբ եմ հանդես գալու։ Իսկ Մեր Հայրենիքը թող էլի մնա օրհներգ, քանի դեռ ՀՀ քաղաքացին այլ որոշում չի կայացնի։
Հ․Գ․ Հարգելի լրագրողներ, այս թեմայի շուրջ այլեւս ոչ մի հարցազրույց, մեկնաբանություն, բոլոր հարցերով՝ աշխատանքային խմբին։ Այն բոլոր օգտատերերը, որոնք կվիրավորեն, կծաղրեն, կհեգնեն, ուղղակի կարգելափակվեն։
Թեման այս պահի դրությամբ համարում եմ փակված»,–նշել է Ալեն Սիմոնյանը։



