«Հայաստանում Եվրոպական միության մոդել 2015» խորհրդաժողովը համախմբել է 80 հայ երիտասարդների
ОБЩЕСТВОԵվրամիության մասին գիտելիքները հայ երիտասարդության շրջանում ավելացնելու նպատակով Երևանում անցկացվում է «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2015 թ. » երիտասարդական խորհրդաժողովը: Երկօրյա իրադարձությունն իրենից ներկայացնում է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի քաղաքական մոդելավորում:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ողջունելով մասնակիցներին, ուրախությամբ ընդգծեց, որ ԵՄ-ն իրադարձության աջակիցներից է: «Դուք Հայաստանի լավ ապագան եք: Ձեր ծնողները և պապերը ստեղծել են այս երկիրը, ձեր ապագան: Հիմա ձեր հերթն է, դուք պետք է կառուցեք 21-րդ դարի Հայաստանը: Լավ դիպլոմ ունենալը բավական չէ, դուք պետք է նաև հավատաք շատ կարևոր արժեքների, որոնք մենք կոչում ենք եվրոպական արժեքներ»,-նշեց նա` խորհուրդ տալով օգտվել նման միջոցառման ընձեռած հնարավորություններից:
«Հայաստանում Եվրոպական միության մոդել 2015 թ.»-ի գլխավոր կազմակերպիչ Մերի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Հայաստանում արդեն 5-րդ մոդել-համաժողովն է կազմակերպվում: «Այս տարի լինելու է Արևելյան Գործընկերության քաղաքական համաժողովի մոդելավորում: Նորություն էր մեր համագործակցությունը UWC Դիլիջանի դպրոցի հետ, այնտեղից 13 մասնակից ունենք»,-նշեց նա:
Մերի Բաղդասարյանն ընդգծեց, որ խորհրդաժողովին մասնակցելու համար շուրջ 400 դիմորդներից երկփուլանի մրցակցային գործընթացներով ընտրվել են 80 երիտասարդներ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև 20 միջազգային մասնակիցներ: Մասնակիցները կանդրադառնան վերջին ժամանակաշրջանում ԱլԳ տարածքում տեղի ունեցած քաղաքական զարգացումներին և պետք է իրենց որոշումները կայացնեն Եվրամիությունում ներկայումս առկա քաղաքական միտումների և ճնշումների համատեքստում՝ հաշվի առնելով իրենց կողմից ներկայացրած պետության շահերը:
Խորհրդաժողովի մասնակից Լուսինե Նալբանդյանն առաջին անգամ է մասնակցում նման միջոցառման:
«Քաղաքական գործընթացներով հետաքրքրվում եմ: Միջոցառումն ինձ համար շատ հետաքրքիր է այն առումով, որ ծանոթացնում է իրական քաղաքական գործընթացներին և ԵՄ տարբեր կառույցներին աշխատանքներին, որը հետագայում շատ լավ փորձ կլինի: Այս կոնֆերանսի շրջանակներում հանդես եմ գալու Լատվիայի վարչապետի անունից»,-շեշտեց նա:
Նոյեմբերի 14-15-ին AEGEE-Երևան (Երևանի Եվրոպական ուսանողների ֆորում) երիտասարդական հասարակական կազմակերպությունը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ կազմակերպում են Հայաստանում Եվրոպական միության մոդել 2015 թ. երիտասարդական խորհրդաժողովը: Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները կստանձնեն ԵՄ անդամ պետությունների և Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների , ինչպես նաև մի շարք առաջատար եվրոպական քաղաքական պաշտոնյաների դերերը:
Խորհրդաժողովի առաջին աշխատանքային օրվա ընթացքում տեղի կունենան թեմատիկ քննարկումներ և աշխատաժողովներ հատուկ հրավիրված բանախոսների մասնակցությամբ: Խորհրդաժողովի նախորդած շաբաթների ընթացքում երիտասարդները մասնակցել են 2 նախապատրաստական դասընթացի և ուսումնասիրել են ԵՄ կառույցների աշխատանքը, ինչպես նաև ծանոթացել են ԵՄ միասնական արտաքին և անվտանգության քաղաքականության անկյունաքարերին: Մասնակիցները նաև հնարավորություն կունենան զարգացնելու իրենց բանակցային հմտությունները:



