ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել ՀՀ-ի հետ գործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում
ПОЛИТИКАՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ լրատվական վարչությունից, Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանում իրականացվո ղ դատաիրավական ոլորտի բարեփոխումների հարցում և նշել, որ մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու ներուժ կա:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պրոբացիոն ծառայության ոլորտում կատարվելիք բարեփոխումներին, դատական համակարգում էլեկտրոնային կառավարման և տվյալների բազայի համակարգի հետագա զարգացմանը, հակակոռուպցիոն քաղաքականությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև նախարարը ներկայացրել է մի շարք նոր ծրագրերի տեսլական:
ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և վստահեցրել, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստակամ է շարունակելու Հայաստանի հետ գործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի բարեփոխումների, ինչպես նաև մարդու իրավունքների հետագա ամրապնդման հարցերում: Նրա խոսքով՝ կան տարբեր ուղիներ, որոնցով ԱՄՆ դեսպանությունն ու ՀՀ արդարադատության նախարարությունը կարող են գործակցել այս բարեփոխումներն առաջ տանելու հարցում: «Ես սպասում եմ մեր գործակցության հետագա ընթացքին»,- ասել է դեսպանը:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են վերոնշյալ ոլորտներում, ինչպես նաև մի շարք նոր ծրագրերում փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:



