Աշխատել է մեծ, կազմակերպված հանցախումբ. «Դիլիջան» ազգային պարկում ծառահատումներ են արվել
ОБЩЕСТВО«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումներ են արվել: Այս մասին ահազանգում է «Բնապահպանի տուն» ֆեյսբուքյան էջը:
««Դիլիջան» ազգային պարկի նորանշանակ տնօրինությունը տեսախցիկների առաջ բազմիցս կրկնել է, որ իրենց մոտ ծառահատումներ չկան, կա միայն թափուկի՝ քամատապալ ծառերի հավաքում, որն իրենց անմիջական հսկողության տակ է ամեն վայրկյան:
Իսկ հիմա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերը նշված քամատապալ ծառերը և դրանց առաջացման տարբերակներից ընդամենը մեկը: Այս վիդեոն արվել է «Դիլիջան» ազգային պարկի Փիշիկ տեղամասում: Կտրվել են բացառապես մեծ, թանկանոց և կահույքի համար հարմար ծառեր: Սրանք օրվա հացի կարոտ գյուղացու, տաքանալու համար կտրվող ծառեր չեն:
Այս ամենը չի արվել մեկ օրում կամ մի քանի օրում: Սա երկարատև գործողության արդյունք է, և մեզ շատ է հետաքրքրում, թե ինչպես տնօրինությունը չտեսավ ու հենց ամենասկզբում չկանգնեցրեց այս ավերածությունը: Այստեղ աշխատել է մեծ, կազմակերպված հանցախումբ և բավականին շատ տեխնիկա: Նորից ենք կրկնում, որ նրանք չեն արել այս ամենը մի քանի ժամում կամ մեկ օրվա մեջ:
Մնացածը թող արդեն ոստիկանությունը պարզի»,- ասված է գրառման մեջ:



