Քաղաքական գործիչներն ապրելու են գյուղացիների հետ. Կարեն Քոչարյանի՝ իր տեսակի մեջ եզակի նախագիծը
ПОЛИТИКА«Արմնյուզ» և «Ա1+» հեռուստաընկերություններն արձագանքեցին Կարեն Քոչարյանի մտահաղացմանը՝ որոշելով իրականություն դարձնել սահմանադրական փոփոխությունների թեմայով քաղաքական ռեալիթի շոուն, որը մեր երկրում նորություն է իր տեսակի մեջ: Past.am-ի փոխանցմամբ՝ այսօր նախագծի հեղինակ Կարեն Քոչարյանն ու «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Հրաչ Քեշիշյանը լրագրողներին ներկայացրեցին հաղորդման հետ կապված մանրամասներ:
Հրաչ Քեշիշյանն ասաց, որ վաղը կլինի առաջին ուղիղ եթերը, իսկ այսօրվանից մասնակիցների խմբերը կշարժվեն դեպի Հայաստանի մարզեր: Նախագիծը կոչվում է «Այո և ոչ»: Այն քսան օր շարունակ անդադար կլինի ուղիղ եթերում: «Սա քարոզարշավ է Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերով: Այն լինելու է երկու ուղղություններով՝ հյուսիս և հարավ: Յուրաքանչյուր ուղղությամբ մեկնելու է ութական մասնակից, որոնցից չորսն «այո»-ի կողմնակիցներ են, մյուս չորսը՝ «ոչ»-ի»,- հայտնեց Հրաչ Քեշիշյանը:
Կարեն Քոչարյանի խոսքով՝ փորձ է արվում կազմակերպել բովանդակային բանավեճեր՝ կապված սահմանադրական հանրաքվեի հետ: «Մասնակիցներն ամենահարավային կետից՝ Ագարակից, կգան Սյունիք, կմտնեն Վայոց ձոր, ապա Արարատ, Արմավիր և կմտնեն Կոտայք: Հյուսիսային ուղղությունը կսկսեն Ապարանից, կլինեն Արտաշատում, Թալինում, հետո Շիրակի մարզում (Գյումրի, Ամասիա), Լոռիում, Տավուշի մարզում (Նոյեմբերյան, Իջևան, Բերդ, Դիլիջան), ապա կլինեն Գեղարքունիքում և կավարտեն այդ ուղղությունը: Դեկտեմբերի 2-ին բոլոր խմբերը կվերադառնան Երևան: Իսկ քարոզարշավի վերջին օրը՝ դեկտեմբերի 4-ին, սպասվում է միացյալ դեբատ»,- տեղեկացրեց պարոն Քոչարյանը:
«Այո և ոչ» ծրագրի հեղինակը պատմեց, որ հրավիրել է քաղաքական բոլոր ուժերին: Ըստ Քոչարյանի՝ ինքը չի հրավիրել միայն Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին: Ինչպես հայտնի է, վերջիններս սահմանադրական փոփոխությունները որակում են «կեղծ օրակարգ»: «Դեպի հյուսիս «այո»-ի խմբում ներգրավված են լինելու Սամվել Ֆարմանյանը, Մարգարիտ Եսայանը, Միքայել Մելքումյանը, Արթուր Եղիազարյանը: «Ոչ»-ի խմբում են լինելու Պետրոս Մակեյանը, Վարդան Խաչատրյանը, Արմեն Մկրտչյանը և Նարեկ Այվազյանը: Հարավ մեկնող խմբում «այո»-ի կողմնակիցներ կլինեն Հրայր Թովմասյանը, Վարդան Այվազյանը, Կարինե Աճեմյանը և Արման Սաղաթելյանը: «Ոչ»-ի խմբում կլինեն Հրանտ Բագրատյանը, Թամարա Գևորգյանը, Վաղինակ Շուշանյանը, Ազատ Արշակյանը»,- ասաց Կարեն Քոչարյանը:
Կազմակերպիչների խոսքով՝ նախագիծը ենթադրում է նաև շոուի տարրեր: «Բացի քարոզչությունից և բանավեճերից, մասնակիցները հանդիպելու են բնակիչների հետ, սեղան նստելու և ապրելու են գյուղացիների հետ»,- ավելացրեց Կ. Քոչարյանը: Տեղեկացնենք, որ «Այո և ոչ» հաղորդումն ուղիղ եթերով հեռարձակվելու է «Ա1+» հեռուստաընկերությամբ և «Յուքոմ» ցանցի «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ:
Լևոն Փանոսյան



