ՔՊ-ն հունվարին կանցկացնի համաժողով. վարչության կազմը հնարավոր է ընդլայնվի
ОБЩЕСТВО
Հունվար ամսին նախատեսվում է անցկացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը․ այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ վարչության անդամ, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Քանի որ 2016 թվականի հունվարին է անցկացվել վերջին համաժողովը, այդ պատճառով առաջիկա հունվարին արդեն համաժողով ենք նախատեսում անցկացնել: Համաժողովի ժամանակ կորոշվի, թե երբ վարչության ընտրություններն անցկացնենք, քանի որ համաժողովի ֆորմատն է պահանջում վարչության ընտրությունների գործընթացի կազմակերպումը։ Իսկ թե ինչ ֆորմատով, ինչ ժամկետներում կլինի, մենք կհրապարակենք»,- ասաց Պետրոսյանը:
ՔՊ վարչության անդամը չբացառեց, որ կուսակցության վարչության կազմը կարող է ընդլայնվել. «Նորմալ է, որ ցանկացած կուսակցական գործիչ էլ կցանկանա դերակատարում ունենալ կուսակցության ներսում, մանավանդ ինչպիսին ՔՊ-ն է այս շրջափուլում, որպես առավելագույն քվեներ հանրության կողմից ստացած կուսակցություն: Բայց վարչության անդամների թվի փոփոխությունը միայն համաժողովի իրավասություների մեջ է մտնում, եւ եթե առաջիկա համաժողովի օրակարգում նման հարց ունենանք եւ հիմնավորում եւ փաստարկներ ունենանք, որ 13 հոգանոց կազմը փոքր է, քանի որ գլոբալ առումով անելիքներն են շատացել եւ կուսակցության շարքերն են ընդլայնվել, այդ դեպքում կքննարկվի: Նման հարց առայժմ դեռ չենք քննարկում»:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 30-ին ՔՊ-ն ընտրեց վարչության կազմ, որը բաղկացած է 13 հոգուց: Կազմի մեջ են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, 6-րդ գումարման ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Ալեն Սիմոնյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը, Վահագն Հովակիմյանը:



