Ցույց տվեք, թե ինչքան մարդ է դեմ այս ամենին, բայց ճանապարհ փակելը բացառեք. Օսիպյանը՝ ցուցարարներին
ОБЩЕСТВОՀավաքվեք հրապարակում եւ ցույց տվեք, թե ինչքան մարդ է դեմ այս ամենին, բայց ճանապարհ փակելը եկեք բացառենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու դեմ բողոքի ակցիա իրականացնողների հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Վերջինս ընդունել էր ակցիայի մի խումբ մասնակիցների: Օսիպյանը նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունն էլ հայտարարել է, որ բողոքարկելու են այդ որոշումը. «Եթե դուք հիմա փողոցում շարունակեինք լինել, էնպես չի, որ միանգամից Մանվել Գրիգորյանին գալու էին կալանավորեին: Դա գործընթաց է: Պետք է վերաքննիչ դատարանը որոշում կկայացնի»,-ասաց Օսիպյանը՝ հավելելով. «Դուք ձեր ակցիան արեցիք, այն իր արդյունքը տվել է: Կոչ եմ անում ձեզ առաջնորդվեք միայն օրենքներով: Ձեր ակցիան համարենք կայացած, հետագա գործողությունները էլ ավելի թող բխի օրենքից. հավաքվեք տասնյակ հարյուրավոր, հազարավորներով հրապարակներում: Եկեք ողջ աշխարհին ցույց տանք, որ նոր Հայաստանում կան այնպիսի երիտասարդներ, ինչպիսին դուք եք, որոնք տիրապետում են օրենքներին, հարգում են մյուսների իրավունքները: Ոչ ոք իրավունք չունի սահմանափակել այլոց ազատ տեղաշարժի իրավունքը, եկեք այս պրակտիկային վերջ տանք»:



