Լիաննա Տեր-Մինասյանը հայտնիներին փորձությունների մեջ է գցում (լուսանկարներ, տեսանյութ)
ФОТОՀաղորդավարուհի Լիաննա Տեր-Մինասյանն իր «Ամենից ամենա» հաղորդմամբ տեղափոխվել է «Արմնյուզ» հեռուսատաընկերություն։ Նոյեմբերի 7-ից ամեն շաբաթ՝ ժամը 23.15-ին, Լիաննան «ամենից ամենա» հետաքրքիր բացահայտումներ կանի իր հեռուստադիտողների համար։
BlogNews-ը Լիաննայի հետ զրուցել է հեռուստաընկերության փոփոխության պատճառների և նորովի ներկայանալու մասին։
«Տեղափոխվեցի «Արմնյուզ», քանի որ հնարավորություն ընձեռվեց աշխատել Հրաչ Քեշիշյանի հետ։ Ինձ համար դա շատ հաճելի էր, և չէի կարող բաց թողնել այդ հնարավորությունը, քանի որ ժամանակին հենց Հրաչ Քեշիշյանի հետ ենք սկսել «Ամենից ամենան»»,- ասաց Լիաննան ու հավելեց, որ լինելու են հետաքրքիր նոր թեմաներ, ինչպես նաև՝ անդրադարձեր նշանավոր մարդկանց «ամենից ամենա» շրջադարձային իրադարձություններին։
Արդեն 6 տարի է, ինչ «Ամենից ամենան» եթերում է։ Լիաննան նշեց, որ ինքը շոկային փոփոխություններ չի անում, սակայն պարբերաբար նորամուծություններ է անում, որպեսզի նոր շունչ ապահովի։ «Հաղորդման վերջում ունենք խորագրեր, որոնք պարբերաբար փոփոխվում են. սկզբում բամբասանքների պարզաբանում էր, հետո՝ անցորդներն իրենց հարցերն էին ուղղում հայտնիներին, հիմա առաջարկում ենք գլուխկոտրուկներ։ Հայտնիներին փորձությունների մեջ ենք գցում:) Հեռուստադիտողները հետաքրքիր գլուխկոտրուկներ են առաջարկում, որոնցով մեր մասնակիցների տրամաբանությունն ենք ստուգում»,- նշեց Լիաննան։
Ինչ վերաբերում է թեմաների կրկնությանը՝ հաղորդավարուհին նշեց, որ թեմաները կրկնվում են, եթե նորովի անդրադարձի կարիք կա։ «Ժամանակի հետ ի հայտ են գալիս նոր հետաքրքիր կերպարներ, և թեման հասունանում է։ Ես 2009 թվականին եմ արել «No make-up» թեման, սակայն հիմա կրկին հասունացել է այս թեման, քանի որ հայտնիներին հաճախ կարելի է տեսնել առանց շպարի։ Դիետաների, կազմվածքի վերաբերյալ հաղորդումները միշտ հետաքրքիր են։ Կան նաև թեմաներ, որոնք, ըստ իս, սպառել են իրենց։ Միգուցե շատերին թվում է, թե «ամենացանկալի հարսնացուներ, փեսացուներ» թեման հետաքրքիր է, սակայն այդ թեման արդեն սպառվել է,- նշեց Լիաննան ու հավելեց, որ մեծ պատասխանատվությամբ են մոտենում յուրաքանչյուր հաղորդման։- Ամեն հաղորդում պատրաստվում է այնպես, կարծես առաջինը լինի»։
Նյութի աղբյուրը՝ blognews.am




















































