ԱՄՆ դեսպան. ՀՀ կառավարությունը գիտակցում է հանրաքվեի հարցով բաց բանավեճերի անհրաժեշտությունը
ПОЛИТИКАՀայաստանի կառավարությունը գիտակցում է, որ դեկտեմբերի 6-ին նախանշված Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքների հավաստիությունն ապահովելու համար անհրաժեշտ են բաց բանավեճեր, եւ դա ապահովվում է: Այս մասին նոյեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների շուրջ արշավին եւ խնդրին, որ Հայաստանի ընդդիմությունը պնդում է հավասար իրավունքների բացակայության մասին, դեսպանը նշեց. «Մեր մոտեցումը կայանում է հետեւյալում. Կառավարությունը պետք է բաց քննարկումների եւ լիարժեք բանավեճերի հնարավորություն ապահովի: Հավատում եմ, որ երկու կողմերն էլ իրենց տեսակետը ներկայացնելու հնարավորություն կունենան: Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին: Շարունակում ենք շփվել նաեւ քաղաքացիական հանրության ներկայացուցիչների հետ, լսում ենք նրանց դիրքորոշումը՝ հասկանալու համար, արդյո՞ք նրանց համար հավասար հնարավորություններ են ապահովվում»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների հարցով համահայկական հանրաքվե է կայանալու: Բարեփոխումների նախագծի համաձայն, երկրում պետք է կառավարման խորհրդարանական կարգ հաստատվի:



