Ահազանգ. Արմավիրում թիրախավորված պատառոտում են «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ցուցապաստառները
ОБЩЕСТВОԱրմավիրի մարզի տարբեր համայնքներում՝ Էջմիածնում, Արմավիրում, Զվարթնոցում ու գյուղական համայնքներում համատարած պատառոտում են «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային թեկնածուներից մեկի՝ Արգիշտի Մեխակյանի ցուցապաստառները։
Հիշեցնենք, որ Արգիշտի Մեխակյանը ԼՂՀ եւ ՀՀ «Մարտական խաչ» առաջին շքանշանների ասպետ, 60 նվիրյալներով Մատաղիսն ու Թալիշի ռազմավարական բարձունքներն ազատագրած Մեխակ Մեխակյանի որդին է, Էջմիածնի փոխքաղաքապետը։ Նրա նախընտրական շտաբի պետ Վիտալի Մանգասարյանի ասելով՝ իրենց թեկնածուին թիրախավորել են։

«Ցուցապաստառները պատառոտում են ոչ թե ամբողջապես, այլ դեմքի հատվածը։ Տարբեր համայնքներում քարոզարշավի սկզբում ցուցապաստառները նորմալ վիճակում էին, հետ դառնալու ժամանակ արդեն պատառոտված էին։ «Լուսավոր Հայաստանի» կողմից էլ շատ տգեղ են վարվել, օրինակ՝ իրենց ցուցապաստառը փակցրել են հենց Արգիշտի Մեխակյանի ցուցապաստառի վրա, չնայած որ մեր թեկնածուն այս դեպքում բացառություն չէ, մյուս թեկնածուների ցուցապաստառների վրա էլ կան փակցված»։

Թե ո՞ւմ են կասկածում, Վիտալի Մանգասարյանն ասաց․ «Կասկածներ կան, որոնք ավելի շատ ժողովրդի մեջ տարածված շշուկներ են, դրանք հասել են նաեւ շտաբ՝ մեզ, երկու անուններ են շրջանառվում, բայց քանի որ մենք փաստ չունենք, դրա համար խուսափում ենք անուններ տալ»։
Վիտալի Մանգասարյանը նաեւ ասաց, որ այս պահին իրավապահներին չեն դիմել, փորձում են թիմի անդամների, քարոզարշավի կազմակերպչական աշխատանքների մեջ ներգրավված անձանց ջանքերով հասկանալ, թե ովքեր են ցուցապաստառ պատառոտողները։

«Այս պահին ունենք խմբեր, որոնք մեքենայով մանավանդ քաղաքային վայրերում՝ Էջմիածնում, Արմավիրում շրջում են։ Ունենք սահմանված գրաֆիկ, չորս մեքենայով շրջում են նաեւ գիշերը, ինչքան հասկանում ենք՝ այդ խումբն աշխատում է գիշերային ժամերին, ճիշտ է՝ անուններ չգիտենք, բայց ինչ-որ մեկի կողմից ուղղորդված է, որովհետեւ ձեռագիրն ամբողջապես նույնն է։ Մեր թեկնածուն թիրախավորված է․ երբեմն տեսնում ենք, որ նույն պատին «Իմ քայլը» դաշինքից մի քանի թեկնածուների ցուցապաստառներ են փակցված ու միայն Արգիշտիին է պոկված»,- ասաց Արգիշտի Մեխակյանի նախընտրական շտաբի պետը։





